Բավ է պառակտվել
21-04-2014 18:28

ԼՂՀ-ում կլուծեն հանրակացարաններում բնակվող մարդկանց բնակարանային հարցերը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ ապրիլի 21-ին ընդունել է Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 120 եւ 120ա հասցեում գտնվող հանրակացարանների բնակիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են շենքերի վերանորոգման եւ օտարման հետ կապված հարցեր:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե իր խոսքում վարչապետը նշել է, որ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրով նախատեսված է լուծել վթարային եւ հանրակացարանային շենքերի խնդիրը: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ պետք է քաղաքացիները պետության հնարավորություններից տեղյակ լինեն եւ ըմբռնումով մոտենան կառավարության որոշումներին: Նրա խոսքով՝ կապիտալ շինարարության համար պետբյուջեից նախատեսված 11 միլիարդ դրամի շրջանակներում կառավարությունը պետք է կառուցի դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ, այդ պատճառով խնդիրներն աստիճանաբար են լուծվում: իսկ միայն վթարային ու հանրակացարանային շենքերի պայմանների բարելավման կամ օտարման համար անհրաժեշտ է մի քանի միլիարդ դրամ:

Ա. Հարությունյանը տեղեկացրել է հանդիպմանը ներկա բնակիչներին, որ կարճ ժամանակում լուծվելու են երկու հանրակացարանների խնդիրները: Նա նշել է, որ ընտանիքների մի մասին տրամադրվելու են բնակարաններ այլ բնակֆոնդերից, իսկ հանրակացարաններում ազատված սենյակները փոխանցվելու են մնացյալ ընտանիքներին: Կառավարության ղեկավարը հավելել է, որ պետությունն իր վրա է վերցնելու անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների կառուցումը՝ հանրակացարանները դարձնելով քաղաքաշինական նորմերին համապատասխանող շենքեր:

Քաղաքացիների հարցերին ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ խնդրով զբաղվող հանձնաժողովը մշակելու է համապատասխան սկզբունքները՝ բանակցելով բոլոր ընտանիքների հետ, որոնց հիման վրա որոշվելու են նոր բնակարաններ ստացող եւ տեղում մնացող ընտանիքների ցանկերը: Նա տեղեկացրել է բնակիչներին, որ հանձնաժողովի աշխատանքները լինելու են առավելագույնս թափանցիկ, եւ այն պարբերական կապի մեջ է լինելու իրենց հետ: