Բավ է պառակտվել
27-10-2014 10:24

Ստեփանակերտում սկսվում է ադրբեջանցի դիվերսանտների դատը

Ստեփանակերտում հոկտեմբերի 27-ի առավոտյան սկսվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների գործով դատավարությունը: Դատը կկայանա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում՝ Անատոլի Թադեւոսյանի նախագահությամբ: Փաստաբան Արկադի Իսրայելյանը կպաշտպանի ամբաստանյալների շահերը: ԼՂՀ ոստիկանության տվյալով՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիեւը (1968թ. ծնված), Դիլհամ Ասկերովը (1960թ. ծնված), ինչպես նաեւ սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը, ունենալով զենք եւ զինամթերք, 2014թ. հունիսի 29-ին ապօրինաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը եւ ներխուժել Հանրապետության Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Տվյալ անձինք հատուկ առաջադրանքոց տեղեկություններ էին հավաքել եւ լրտեսական գործունեություն իրականացրել: Ավելին, նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առեւանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային զանգվածում: Բացի այդ, Հասանովը հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երեւանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Նա զինված դիմադրություն էր ցույց տվել ձերբակալման ժամանակ եւ վնասազերծվել: Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովւըը կալանավորված են: Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով եւ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ:

Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիեւին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առեւանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ եւ 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առեւանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով: