Բավ է պառակտվել
03-05-2014 14:01

Լրագրողը Հայաստանում որքանո՞վ է ազատ

Այսօր լրագրողների հետ հանդիպում են ունեցել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրանց թեման միանշանակ կապված էր մամուլի ազատության օրվա հետ: Ըստ սոցիոլոգի Հայաստանում մամուլն ազատ է, իսկ գրաքննադատը պնդում է ճիշտ հակառակը:

՛՛Հայաստանը մամուլի ազատության տեսանկյունից 77-րդ տեղն է զբաղեցնում՝ 175 երկրների մեջ: Վերջին տասը տարիների ընթացքում 77-րդ տեղում ենք: Թեև ԱՊՀ շատ երկրներից բավական առաջ ենք, բայց դեռ շատ անելիքներ ունենք՛՛,-նշել է Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա աշխարհում չկա ընդդիմադիր հեռուստաընկերություն, Հայաստանում՝ կա:

՛՛Որպես սոցիոլոգի, ինձ այդքան չի հետաքրքրում բազմակարծությունը, որքան այն, թե որքանով են ԶԼՄ-ները ներազդում սոցիալական ոլորտի կարծիքի ձևավորմանը՛՛,-նշեց նա և հավելեց, որ Հայաստանի դատախազությունը պարտավոր է բոլոր այն հանցավոր դեպքերի մասին, որ նշում է մամուլը, սկսի հետաքննություն:
՛՛ Բայց չենք կարող հիշել մի դեպք, երբ մամուլի հրապարակումների հետևանքով դատախազությունը գործ հարուցած լինի: Եթե չկա ժողովրդավարություն, չկա ժողովրդի կողմից իշխանություն, ապա իշխանավորներն ասում են՝ թքած ունենք, ինչ ուզում են՝ թող գրեն՛՛,-հավելեց նա:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ մամուլում հաճախ քաղաքական գործիչների մասին գրում են նրանց մականուններով՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, թե Արևմուտքում քաղաքական դաշտում մականուն ունենալը համարվում է առավելություն և բրենդ:

՛՛Պետք է հասկանալ, թե մականունը գրելով՝ հո նրան չե՞նք վիրավորում: Պետք է մոտենալ և հարցնել, թե՝ Ձեր մականունը նշելով՝ հո Ձեզ չե՞նք վիրավորում՛՛,-ասաց սոցիոլոգը:

Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, թե անկախ վարկանիշից, ԶԼՄ-ների շատ կարևոր գործառույթներ կան, որոնք Հայաստանում չեն պահպանվում:

՛՛Հայաստանում, ըստ էության չկան ազատ լրատվամիջոցներ և ազատ մամուլ: Նույնիսկ ընդդիմադիր դաշտում գործող լրատվամիջոցները, որոնք հաճախ հանդես են գալիս իշխանություններին քննադատելով, դրանց ետևում էլ կան իշխանության վերևում կանգնած մարդիկ՛՛,-նշեց Արքմենիկ Նիկողոսյանը՝ ավելացնելով, թե այն թվացյալ ազատությունը, որ այսօր ունենք մամուլում, դա էլ պատվիրված ազատություն է: