27-07-2016 06:53

Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրահատվել են. Նրանց վիճակը ծանր է

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն եւ վերահսկելի։

Հիվանդանոցի գործադիր տնօրեն տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ «Էրեբունի» բժշական կենտրոն ժամը 1-ին տեղափոխել են երեք հիվանդների, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից է, ունի սրունքի հրազենային վնասվածք։ Նրա վիճակը կայուն է, գտնվում է հիվանդասենյակում։

Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը տեղափոխվել են վիրահատարան, կատարվել են վիրահատություններ, որոնք տեւել են երկու ժամ։

ԲԿ միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։

Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։

«Էրեբունի» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանն էլ նշեց, թե Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ «Մենք կատարում ենք ցավազրկողների ներարկումներ, որ մինչեւ առավոտ լինեն հանգիստ վիճակում»,- նշել է նա։ Հարցին,թ ե հետագայում այդ վնասվածքներն ինչ ազդեցություն կունենան նրանց վրա, մանգոյանը պատասխանեց, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Ըստ Միքայել Մանուկյանի, հայր եւ որդի Մանուկյանների կյանքին դեռ վտանգ սպառնում է, միացված են արհեստական շնչառության սարքերին, բժիշկներն անում են բոլոր միջոցառումները՝ վտանգները նվազեցնելու համար։