Բավ է պառակտվել
01-03-2014 18:38

Հայաստանն այսօր կանգնած է ՄՄ-ում արժանապատիվ իշխանությամբ հանդես գալու խնդրի առջև. Լևոն Տեր-Պետրոսյան

Ազատության հրապարակում հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին Մյասնիկյանի արձանի մոտ: Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին: Քաղաքացիների հետ միասին ծաղիկ դրեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը:
Երթնը նախատեսված է ավարտել Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ:
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո նրան մոտեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և սեղմեց նրա ձեռքը: Այնուհետև մեկնարկեց երթ «Ազատ, անկախ Հայաստան» կոչերով, դրոշներով, պաստառներով և թմբուկներով: Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքին՝ անդրադառնալով Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հարցին ասաց, որ այն այլևս անշրջելի է։
Նա նշեց.

՛՛Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը այլևս անշրջելի է, իսկ եվրոինտեգրումը տեսանելի ապագայում անհնարին: Ըստ այդմ` թե՛ Կոնգրեսը, թե՛ որևէ այլ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների՛՛,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում արժանապատիվ իշխանությամբ հանդես գալու խնդրի առջև:
՛՛Ահա սա է այսօր մեր խնդիրը , ուրիշ խնդիր չկա: Այստեղից ծագում է հաջորդ հարցը, թե արդյոք սա այն իշխանությունն է, որն ի վիճակի է իրագործելու այդ առաքելությունը: Եթե այս հրապարակում և դրանից դուրս գտնվի մեկը, որ ասի՝ այո՛, ես կզարմանամ մի քիչ: Այսպիսի առաքելություն իրագործելու համար սարգսյանական ռեժիմին պակասում է հենց ազգայնական գիտակցությունը՛՛,-ասաց նա: