22-09-2014 14:29

Լևոն Հայրապետյանը 50 մլն դոլար հոնորա՞ր է ստացել

Ռուսական «Վեդոմոստի» թերթն անդրադարձել է «Սիստեմա» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի գործին, ով ձերբակալվել էր փողերի լվացման մեղադրանքով:
Այս գործը՝ «Սիստեմային» պատկանող «Բաշնեֆտ» էներգետիկ ընկերության արժեթղթերի հետ կապված խարդախության մեղադրանքներով, կապվում է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի անվան հետ, ով ևս ձերբակալվել էր ավելի վաղ՝ հուլիսին:
Աղբյուրը, հիմնվելով հետաքննության նյութերի վրա՝ գրում է, որ փողերի լվացման գործին մասնակցել են բանկեր Ավստրիայից, Շվեյցարիայից և Հայաստանից: Նշվում է, որ կատարվել են ապօրինի դրամական փոխանցումներ Հայրապետյանին ենթակա բանկային հաշիվներով:
Նշվում է նաև, թե Հայրապետյանն այս գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Ըստ իրավապահների՝ խոսքը 50 մլն ԱՄՆ դոլարի մասին է: Ավելի վաղ մամուլը շրջանառության մեջ էր դրել շատ ավելի փոքր թվեր՝ մասնավորապես 500 հազար դոլարի հափշտակում:
Ընդհանուր առմամբ այս խճճված գործից հափշտակումների ծավալը գնահատվում է 5,5 մլրդ ԱՄՆ դոլար: Թե՛ Եվտուշենկովը, թե՛ Հայրապետյանն այս գործով անցնող անձինք էին դարձել մեկ այլ գործով, որը հարուցվել էր ապրիլին Բաշկիրիայի նախկին նախագահի որդու՝ գործարար Ուրալ Ռահիմովի դեմ:
Ըստ հետաքննության՝ 2009-ին Ռուսաստանի իշխանական համակարգում մեծ կապեր ունեցող Հայրապետյանի միջնորդությամբ «Սիստեման» օգնել է Ռահիմովին օրինականացնել 7 մլրդ ԱՄՆ դոլարի յուրացումներ: Ըստ աղբյուրի՝ Ռահիմովը Հայրապետյանին ներքաշել է նաև դատական իշխանությունների հետ հարցերը կարգավորելու գործում, երբ նոր-նոր հետաքննություն էր սկսվել այս գործով: