Բավ է պառակտվել
15-08-2014 17:15

Դատարանն անգամ հաշվի չառավ, որ Հայրապետյանը մի շարք հիվանդություններ ունի

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, որը համարվում է ամենահարուստ հայ գործարարներից մեկն աշխարհում, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Դատական նիստի ընթացքում Հայրապետյանի փաստաբան Հենրի Ռեզնիկը նշել է, որ մեղադրյալն արդեն 65 տարեկան է և դա պատկառելի տարիք է: Բացի այդ, նա տառապում է մի շարք հիվանդություններով՝ սրտի ռիթմի խախտմամբ, քաղցկեղով և երկու անգամ ուղեղի կաթված է տարել: Պաշտպանությունը նշել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է և կարող է ճակատագրական լինել:
Ըստ փաստաբանի՝ մեղադրյալի դեմ միակ ապացույցը նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքն է, ինչին չի կարելի վստահել, քանի որ նա վաղուց արդեն ցմահ ազատազրկման է ենթարկվել:
Փաստաբանն անթույլատրելի է համարել դատարանի եզրակացությունը, թե մեղադրյալը շատ հարուստ է և կարող է կաշառել դատավորներին և քննչական մարմիններին:
Պաշտպանությունը խնդրել է նրան ստորագրությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակել:
Մեղադրյալը դատական նիստին մասնակցել է մեկուսարանից՝ տեսակապի միջոցով: Նա հայտարարել է վատ ինքնազգացողության մասին և խնդրել է, որ բողոքարկումը քննեն առանց իր ներկայության, սակայն դատարանը վճռել է, որ նրա ներկայությունը պարտադիր է:
Նրան ներկայացվել է դրամական միջոցների վատնման և լվացման մեղադրանք: