Բավ է պառակտվել
27-09-2014 12:12

ԼՂՀ վարչապետը Ճարտարում մասնակցել է Սբ Վարդանանց եկեղեցու հիմնարկեքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Ճարտար եւ մասնակցել «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սբ Վարդանանց եկեղեցու հիմնարկեքի արարողությանը՝անձամբ տեղադրելով նաեւ հիմնաքարերից մեկը: ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օրհնության կարգը ավարտելուց հետո վարչապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճարտարի համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների հետ, որին մասնակցում էին նաեւ այլ պատասխանատուներ եւ բարերարներ:
Ա. Հարությունյանը նախ հետաքրքրվել է «Ղարաբաղի գյուղերի զարգացման» հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ Ճարտարում իրականացվող շինարարական աշխատանքներով: Համայնքների ղեկավարները վարչապետին ներկայացրել են դրանց ընթացքը՝ նշելով, որ մեծ թափով իրականացվում են հատկապես գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքները: Կառավարության ղեկավարը հորդորել է ավելի ակտիվ շարունակել աշխատանքները՝ շաբաթօրյակների միջոցով ներգրավելով նաեւ համայնքների մյուս բնակիչներին:


Ա. Հարությունյանը, անդրադառնալով Ճարտարի տնտեսական զարգացման հնարավորություններին, նշել է, որ առաջիկայում համայնքներում նոր ծրագիր կմեկնարկի կոոպերացիայի տեսքով, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի՝ տարածքային կառավարման եւ վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ Արցախում առաջարկվող կոոպերացիայի տարբերակը կիրառվում է առաջատար գյուղատնտեսություն ունեցող երկրներում, եւ Ճարտարում այն ներդնելու պարագայում նախատեսվում է զգալիորեն բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը:
Իր հերթին գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ պետական միջոցներով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ընթացիկ տարում արդեն ստեղծվել է հանրապետությունում առաջին կոոպերացիան: Վարչապետի խոսքով՝ Թալիշում գրանցված հաջողությունները ոգեւորել են Մատաղիսի բնակիչներին, ովքեր արդեն դիմել են կառավարությանը՝ իրենց համայնքում եւս ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն ստանալու համար:
Խորհրդակցության ավարտից հետո Ա. Հարությունյանն այցելել է Ճարտարում բարեգործական միջոցներով կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել գյուղամիջյան ճանապարհների սալապատման աշխատանքներին, ինչպես նաեւ եղել համայնքի հիվանդանոցում, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: