11-04-2017 10:22

«Մհեր Մկրտչյան» օդանավը առաջին անգամ վայրէջք է կատարել «Շիրակ» օդանավակայանում

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է կատարել ՀՀ Շիրակի մարզի քաղաք Գյումրի, այդ մասին հայտնել է Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը:
«Մհեր Մկրտչյանի պատվին անվանակոչված օդանավը երկուշաբթի օրը առաջին չվերթն է կատարել Գյումրի: Բարի գալուստ «Շիրակ» օդանավակայան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԱԳՎ վարչության պետը:
«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը երկրորդ հայկական ավիափոխադրողն է (Armenia ավիաընկերությունից հետո), որը թռիչքներ է իրականացնում «Շիրակ» օդանավակայան: Ծրագրվում է, որ «Տարոն-Ավիա»-ն ապրիլի 25-ից կսկսի պարբերական թռիչքներ կատարել Գյումրիից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 26-ից «Տարոն-Ավիա»-ն 2 նոր ուղիղ չվերթ է գործարկելու՝ Սամարայից և Դոնի Ռոստովից դեպի Գյումրի: Բացի նշված երկու տեղական ավիաընկերություններից դեպի «Շիրակ» թռիչքներ է իրականացնում նաև ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը: