Բավ է պառակտվել
16-01-2015 13:22

«Անտեղի է որևէ հակառուսական հիստերիա». Լարիսա Ալավերդյանը

«Անտեղի է որևէ հակառուսական հիստերիա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում համոզմուն հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականություն» ՀԿ-ի գործադիր նախագահ Լարիսա Ալավերդյանը: Փոխրձագտի խոսքով՝ մենք չպետք է տրվենք այդ հուզմունքներին «Չգիտենք՝ իրականում ինչ է եղել, բայց որ համապատատասխանում է այն նպատակներին, որոնք դրված են Ադրբեջանի, Թուրքիայի կողմից, Արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի, դա հստակ է: Հանցագործությունն ունի քաղաքական թե նպատակ, թե աստառ և չեմ բացառում՝ հետևանքներ»,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը: Վերջինիս համոզմամբ՝ Գյումրիում կատարված սպանությունն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները մթության մեջ են, կան մի շարք հարցեր, որոնց պատասխանները հասարակությունը չունի: Տիկին Ալավերդյանը տրամաբանական չի համարում, որ հանցագործությունը կատարել է մեկ հոգի, կամ կոնկրետ Վ. Պերմյակովի կողմից, որովհետև ոչ մեկը նրան չի տեսել հանցագործության վայրում:
«Ինչո՞ւ են նրան բռնել ռուս սահմանապահները: Վստահություն չի ներշնչում ռուս սահմանապահի բացատրությունը, թե զինծառայողը ցանկացել է հատել հայ-թուրքական պետական սահմանը և իրենք բռնել են»,- ասաց բանախոսը:
Անրադառնալով Վ. Պերմյակովին հայտնաբերելուց հետո իրականացվող քրեական գործողություններին, և թե արդյոք հայկական, թե ռուսական իրավապահները պետք է քննությունը վարեն, Լարիսա Ալավերդյանը նախ ասաց, որ հանցանքը կատարել է Հայաստանի տարածքում: Հղում անելով ՌԴ Սահմանադրությանը, ըստ որի ՌԴ-ն իր քաղաքացիներին չի կարող հանձնել մեկ այլ երկրի, նա ընդգծեց, որ ռուսական բազան գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Սահմանադրությունը վերաբերում է միայն ՌԴ տարածքին:
Միաժամանակ նա նշեց, որ ռուսական կողմից Վ. Պերմյակովին սպանության հատկանիշներով մեղադրանք առաջադրելը սխալ է, քանի որ հանցագործությունը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ: Դասալքության հատկանիշներով մեղադրանք առաջադրելը նույնպես սխալ է համարում, քանի որ հստակ նշվում է, թե որն է դասալքությունը, իսկ Վ. Պերմյակովի արարքը չի համապատասխանում այդ սահմանմանը:
«Դեմ եմ որևէ կոշտ սցենարների, դիմադրության, բայց զայրույթը տեղին է, մեր ազգային խնդիրը լուծելու համար մեր իշխանություններն ուղղակի աններելի ձևով ցույց են տվել դանդաղկոտություն, Գյումրիում ոստիկանության գործողությունները դատապարտելի են»,- ասաց Լ. Ալավերդյանը՝ ընդգծելով, որ պետք է հասնել նրան, որ գործով նախաքննությունը, դատավարությունը, պատիժը միանշանակ արվի Հայաստանում: