Բավ է պառակտվել
26-04-2014 13:32

՛՛Կյանքի խոսք՛՛-ի մասնատումից հետո, աղանդի հետևորդների ներհոսք կա դեպի Հայ առաքելական եկեղեցի

Կյանքի խոսք եկեղեցու հիմնադիր Ուլֆ Էկմանը սույն թվականի մարտի 9-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս կառույցից, ինչից հետո այդ եկեղեցու շատ հետևորդներ մնացել են անորոշ վիճակում: Անորոշություն կա նաև այդ եկեղեցու հայաստանյան կառույցի հետևորդների մոտ, իսկ պատկան մարմինների ու հենց նույն կառույցի կողմից ակնկալվող քայլերը մինչ օրս չեն արվել:

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի՛՛ ղեկավար Ալեքսանդր Ամալյանը նշեց, որ Հայաստանի կյանքի խոսք եկեղեցու առաջնորդը՝ Արթուր Սիմոնյանը, պիտի հայտարարություն աներ և հստակություն մտցներ:
՛՛Եթե եկեղեցու հիմնադիրն ասում է, որ իրենք սխալ են, մեր պատկան մարմինները պետք է կասեցնեին այստեղի կառույցի գործունեությունը: Իրենք, որպես քրիստոնեական գաղափարներ կրող կառույց են գրանցված, եթե ասում են, որ սխալ են, ապա ենթակա են լուծարման՛՛,-նշեց նա:

Ամալյանը նշեց, թե ժամանակին խոսակցություն կար, որ կաթոլիկներն են ստեղծել Կյանքի խոսքը, որպեսզի քայքայեն Ուղղափառ և Առաքելական եկեղեցիները, որպեսզի մարդիկ ուրիշ տեղ չգնային, գոնե մտնեին այդ կառույցի մեջ: Բայց դա միայն խոսակցություններ էին, հիմնավորված չեն:

Անդրադառնալով հանգամանքին, որ Կյանքի խոսքի հետևորդներին շանտաժի են ենթարկում, Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ դա միանշանակ մարդու իրավունքների խախտում է:

՛՛Եթե աղանդավորը գոռար՝ մեր իրավունքները ոտնահարվում են, միանշանակ աղմուկ կբարձրանար: Այդ շանտաժը միշտ էլ շարունակվում է և շարունակվելու է՛՛,- ասաց նա:

Ալեքսանդր Ամարյանը նաև հայտնեց որ դեպի Հայ առաքելական եկեղեցի Կյանքի խոսքի հետևորդների մեծ հոսք կա: Մյուս կողմից էլ, մարդիկ փնտրտուքների մեջ են, կարող է դուրս գան այլ այլ աղանդների վրա:
՛՛Մոտ երեք հարյուր անուն կա, որոնց բոլորի հիմքը նեոհիսունականներն են: Աղանդից աղանդ է դուրս գալիս: Եթե մեկը փակվում է, մյուսները շարունակում են գործել: Հինգ կառույցը գիտի միայն իրենց ղեկավարին, իսկ թե ով է ամբողջի ղեկավարը, չգիտեն՛՛,- եզրափակեց նա: