Բավ է պառակտվել
23-10-2015 09:16

Ովքե՞ր են հայերը

Հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում և հազարամյակների պատմություն ունի: Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ նշված ավանդության, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել: Թեև աշխարհասփյուռ հայերը մի ընդհանուր պատմություն և բազմաթիվ ընդհանուր գծեր ունեն, այնուհանդերձ նրանք նաև անչափ տարբեր են:

Փորձենք հասկանալ, թե իրականում ինչպիսին է հայը:

Սրտի միասնական զարկ

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայեր են բնակվում: Ամենամեծ համայնքները ձևավորվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Մեծ թվով հայեր ուրիշ երկրներ են տեղափոխվել Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունից հետո: Ամենահետաքրքիրն այն է, որ հայերն ունեն շուրջ 50 բարբառ, հայերենի երկու ճյուղ` արևմտահայերեն և արևելահայերեն, որոնցով խոսում է հայերի ճնշող մեծամասնությունը: Հարկ է նշել, որ թեև բարբառները միմյանցից շատ տարբեր են, այնուհանդերձ հայերը շատ հեշտությամբ են կարողանում շփվել միմյանց հետ: Շատերի համար բարդ է հասկանալ Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի բարբառները: Միաժամանակ ողջ աշխարհում բնակվում են հայեր, որոնք արտագաղթել են տարբեր երկրներ տասնյակ տարիներ առաջ, հատկապես` ցեղասպանության տարիներին: Հենց այդ պատճառով շատ հայեր չեն խոսում մայրենի լեզվով, սակայն հիանալի տիրապետում են այն երկրի լեզվին, որտեղ բնակվում են:

Հայի բնավորություն

Եթե դուք շփվել եք հայերի հետ, ապա, անկասկած, հասցրել եք նկատել, որ այդ մարդիկ հումորի անզուգական զգացում ունեն: Նրանք մի քանի րոպեում կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, պատմել բազմաթիվ զավեշտալի դեպքեր, անեկդոտներ և այնպես անել, որ մի քանի օր բարձր տրամադրություն ունենաք: Անհնար է չնշել այն փաստը, որ աշխարհում հայտնի հումորիստներից շատերը հայեր են, մասնավորապես` Եվգենի Պետրոսյանը, Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը: Իրականում, չնայած ուրախ բնավորությանն ու ավյունին` հայերը լուրջ ազգ են, հատկապես եթե խոսքը ավագ սերնդի մասին է, որին աննկարագրելի դժվարություններ են բաժին ընկել: Լինում են նաև հավերժ դժգոհ հայեր, որոնք ոչ մի կերպ իրենց տեղը չեն գտնում այս կյանքում: Կարծիք կա, որ ամենադժգոհ խավը տաքսիստներն են և հասարակական տրանսպորտի վարորդները: Եվ դա հասկանալի է, որովհետև Երևանում և այլ քաղաքներում մեքենա վարելու ձևը տարբերվում է հատուկ տաքարյունությամբ: Եթե դուք մտերիմ եք հայի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, նա հանուն ձեզ պատրաստ է շատ բանի, հնարավոր է` ամեն ինչի: Հավանաբար միայն հայերն են կարող մտերիմ մարդուն անմնացորդ տալ իրենց ունեցածը, պարուրել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ և քնքշանքով: Հայ տղամարդը շատ է գնահատում իր սիրելի կանանց (մորը, քրոջը, կնոջը): Հայերը շատ են սիրում և գնահատում ընտանիքը: Հայկական ընտանիքում ծնողը գլխավորն է: Իրականում այդ ամենը փոխադարձ է, քանի որ շատ հայ ծնողներ իրենց երեխաներին մեծացնում են մեծ սիրո մեջ և հանուն նրանց անում ամեն ինչ, նույնիսկ այ, ինչ անհնար է թվում: Մեր երկրում երեխաների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է, և դա կարելի է անվանել երեխաների պաշտամունք:

Հյուրընկալություն

Եվս մեկ ազգային գիծ է հյուրընկալությունը: Եթե դուք «ճիշտ» հայի հյուրն եք, ապա նա ձեզ անպայման ինչ-որ բանով կհյուրասիրի: Բայց եթե դուք նախօրոք եք պայմանավորվել հյուր գնալ, ապա ձեզ տոնական հյուրասիրություն է սպասում, հատկապես` արտակարգ հայկական կոնյակ:  Հայկական ճաշատեսակների մասին կարելի է հավերժ խոսել և երկար գրել, բայց հայերի սիրած ուտելիքներն են տոլման, խաշը, սպասը:

Հայկական սովորություններ

Հայերի մեծ մասն աչքի է ընկնում աշխատասիրությամբ: Եթե հայը հոգեհարազատ գործ է գտել, ապա նա ջանք ու եռանդ չի խնայում աշխատելու համար: Հայաստանի արևը թույլ է տալիս երկրի բնակիչներին լվացքը չորացնել դրսում: Նման սովորությունն ավանդական է նաև Իտալիայի բնակիչների համար, երբ շենքից շենք կախված պարանի վրա չորանում է բազմագույն լվացքը: «Դասական» հայը տարբերվում է նրանով, որ սիրում է օգտագործել մեծ քանակությամբ հաց և սուրճ, կազմակերպում է ճոխ հարսանիքներ, ծննդյան տոներ, նշանադրություններ, կնունքներ և այլ տոներ: Իրականում հայը կարող է փող չունենալ…

Նա վարկ կվերցնի, ամիսներով կմարի պարտքը: Բայց եթե որոշել է տոն կազմակերպել, ապա նրան ոչինչ չի կանգնեցնի: Հայերը սիրում են թանկարժեք մեքենաներ, հագուստ և աքսեսուարներ: Հավանաբար, այդ գիծը բնորոշ է բոլոր ազգություններին: Հայերից շատերը մեքենա վարելիս իջեցնում են մեքենայի ապակիները, և փողոցով մեկ թնդում է մեքենայում հնչող երաժշտությունը: Եթե դուք Հայաստանում որոշել եք օգտվել հասարակական տրանսպորտից, բայց նստելու տեղ չկա, ապա ձեզ անպայման կզիջեն: Բացի այդ, հայերը շատ են սիրում բարևել միմյանց: «Բարևը» և «բարի լույսը» կարող են բարձրացնել մարդու տրամադրությունը կամ առիթ հանդիսանալ հետագա շփման համար: Հայաստանում իզուր չեն ասում, որ «բարևն Աստծունն է»: Շատ հաճախ հայերն ավանդական «շնորհակալության» փոխարեն ասում են «մերսի»: Հնարավոր է, ուղղակի ալարում են ամեն անգամ ասել այդ գեղեցիկ բառը: Ի դեպ, միայն հայը կարող է իր համար թանկարժեք հեռախոս, նոութբուք, պլանշետ կամ նեթբուք գնել և հետո ալարի ուսումնասիրել այն, որպեսզի ճիշտ օգտագործի: Իրականում հայերը շատ սովորություններ ունեն` թե՛ դրական, թե՛ բացասական, բնավորության գծերը նույնպես տարբեր են: Հայերի տաքարյունությունն ու մտածելակերպը շատ բարդ հասկացություններ են: Սակայն այս հոդվածում փորձել ենք մեկտեղել այն ամենը, ինչը կարող է հային առանձնացնել այլ ազգություններից: