Բավ է պառակտվել
26-11-2015 10:26

Ով է ահաբեկչություն պլանավորում Հայաստանում

«Երեկ անվտանգության ծառայության կողմից Երևանում հանցավոր խմբի բացահայտումը, առնվազն տեղեկատվության հրապարակմանը հաջորդած առաջին ժամերին, իսկական շոկ ու տագնապ էր առաջացրել հասարակության շրջանում: Մինչ հայտնի կդառնար, որ ձերբակալվածները հայազգիներ են, այդ թվում՝ սփյուռքահայեր, մարդկանց մեծ մասը սարսափահար մտածում էր, որ բացահայտված խմբավորումը կապ ունի «Իսլամական պետության», ԴԱԻՇ-ի հետ, և, որ այդ խմբավորման կողմից պլանավորված ահաբեկչական գործողությունները կարող էին լինել աշխարհում իրականացվող նմանատիպ ակտերի շարունակությունը»,-այս մասին գրում է  «168 Ժամ»-ն ու հավելում.   «Տագնապն ու խուճապը որոշակիորեն հանդարտվեց այն բանից հետո միայն, երբ տեղեկություններ հաղորդվեցին, որ բացահայտված խմբի անդամները կարող էին կապված լինել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի հետ: Թե որքանով է այդ տեղեկությունը հավաստի, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում պարզ կդառնա նաև՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը և որքանով կարող է լինել շահարկում՝ ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար: Դա բոլորովին այլ խնդիր և այլ խոսակցության թեմա է: Երեկվա առավոտյան մի քանի ժամերը ցույց տվեցին, որ Հայաստանը գոնե հոգեբանական առումով պատրաստ չէ ահաբեկչությանը, այն առումով, որ նման դեպքերը մեր հասարակության համար շատ հեռու են թվում, դրանց մեր հասարակությունն առնչվում է միայն հեռուստատեսությամբ հնչող լրատվության մակարդակում: Մինչդեռ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական ընտրությունը ստեղծել են մի իրավիճակ, որում, դժբախտաբար, Հայաստանը կարող է դառնալ նաև միջազգային ահաբեկչության թիրախ»: