Բավ է պառակտվել
21-10-2015 11:11

ՍԴ-ն որոշում է կայացրել հօգուտ լրատվամիջոցների

ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է «Հրապարակ» օրաթերթի եւ «iLur.am» կայքի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի դիմումը։ Իրավապաշտպանները վիճարկում էին ԶԼՄ-ների մասին օրենքի այն դրույթների սահմանադրականությունը, որոնց հիման վրա Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները որոշել էին պարտադրել լրագրողներին՝ աղբյուրները բացահայտել։ Սահմանադրական դատարանը որոշել է, որ լրագրողը իր տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտել միայն ծանր հանցագործությունների եւ անձի պաշտպանության դեպքում: Բացի այդ՝ որոշվել է, որ «Հրապարակ» թերթի եւ «Ilur» կայքի դեմ կայացված վճիռները ենթակա են վերանայման: ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետություններում տեղեկատվության բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումը անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար»,- մասնավորապես նշվում էր ՍԴ որոշման մեջ։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում էր «Հրապարակ» թերթի եւ «Ilur» կայքի այն հրապարակումներին, որոնց համաձայն Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը բռնություն էր գործադրել հայտնի մարզիկ Արթուր Ալեքսանյանի եւ նրա եղբոր նկատմամբ: ՀՔԾ-ն պահանջել էր աղբյուրներ բացահայտել, ինչը «Հրապարակ»-ն ու «iLur.am»-ը հրաժարվել էին անել: