Բավ է պառակտվել
01-03-2017 19:09

Հայաստանում գազի ստորգետնյա խոշոր արտահոսք է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողությունները՝ 2017 թվականի փետրվարի 14-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ դարձած խանութի փլուզման հանգամանքները պարզելու նպատակով։
Նախաքննության շրջանակներում փլուզված շինության հարակից տարածքում այսօր՝ մարտի 1-ին, «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ իրականացվել է տարածքի զննում՝ տվյալ հատվածում ստորգետնյա գազատար խողովակից գազի հնարավոր արտահոսքը ստուգելու նպատակով:
Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասում տեղի է ունենում գազի ուժեղ արտահոսք:
Տվյալ տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաև` գյուղի հանրակրթական դպրոցը։
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի հանձնարարությամբ դպրոցի աշակերտները և ուսուցչական կազմը տարհանվել են։
Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար «Կոտայք» մասնաճյուղի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու, և նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով լրացուցիչ մասնագետներ տրամադրելու նպատակով հարցում է ուղարկվել: Աշխատանքները ծրագրվում է իրականացնել մարտի երկուսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարի 14-ին ժամը 10:00-ին տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող խանութի պատերի և տանիքի փլուզում, ինչի արդյունքում նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել էին փլատակների տակ և տեղում մահացել:
Խանութի ևս երեք հաճախորդներ՝ նույն Լեռնանիստ գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով (Անվտանգության կանոնների խախտում՝ հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս ):