Բավ է պառակտվել
14-01-2014 13:41

ՀԵՀ-ի հայտարարած մրցույթում՝ կրթաթոշակ ստանալու պայմանները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի ուսանողները, որոնք չեն ընդգրկվել անվճար համակարգում: Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
• սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
• միակողմանի ծնողազուրկ ուսանող,
• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
• հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
• պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 10-ը, ՀԵՀ-ի գրասենյակում, ք. Երևան, Տերյան 74 հասցեում:
Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.
ա/ անձնագրի պատճենը և 1 լուսանկար /3x4/,
բ/ տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից,
գ/ ստուգման գրքույկի պատճենը, հաստատված դեկանի կողմից,
դ/ ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին / ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ/
ե/ դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճենը և տեղեկանք` ուսանողի վարքագծի մասին,
զ/ լրացված հայտը և դիմումը:

ՀԵՀ-ը հայտնում է, որ 2011-2013թթ. ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։