Բավ է պառակտվել
12-11-2015 17:24

ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել տուգանել ՀԷՑ-ին 5 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը նախօրեին կայացած նիստում որոշում է կայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել հինգ միլիոն ՀՀ դրամով: ՀԾԿՀ աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ շուրջ երեք տարի՝ 2012-2015 թվականների ընթացքում, պարբերաբար գերազանցվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ կայանի դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ: Ուստի սույն թվականի սեպտեմբերից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ՀԷՑ-ը տեղեկացրել է, որ իրեն պատկանող «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական և «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև ստորագրվել է եռակողմ ակտ՝ վերահաշվառված էլեկտրական էներգիայի վերաբերյալ, որի համաձայն` վերահաշվարկման ենթակա էլեկտրական էներգիայի քանակութունը կազմել է 3.810.188 կՎտժ: Բացի այդ` իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված կայանի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվարկի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել կայանում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը, ինչի հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրացվել: ՀԷՑ-ի կողմից վճարվելիք հինգ միլիոն դրամ տուգանքը փոխանցվելու է ՀՀ պետական բյուջե: «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ն պարտավոր է մինչև դեկտեմբերի 31-ը ՀԾԿՀ-ին ներկայացնել կայանի առևտրային հաշվարկի սարքի սխալմունքի արդյունքում հավելագրված էլեկտրական էներգիայի քանակության համար վճարված գումարի վերադարձը հավաստող համապատասխան փաստաթուղթ: