02-08-2014 10:05

Կրկին դիվերսիա, կրկին մեկ զոհ

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հյայտնում են, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ եւ յոթ վիրավոր, ինչպես նաեւ մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաեւ հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Զ. Գեւորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: