Բավ է պառակտվել
22-01-2015 13:30

Չեմ կարող ղեկավարվել զգացմունքներով.Գ. Կոստանյան

Գյումրիի ողբերգությունը սարսափելի հանցագործություն է, որը չէր կարող չստիպել յուրաքանչյուրին ապրումներ ունենալ, չէր կարող զերծ պահել զգացմունքային դրսեւորումներից: Անկախ նրանից՝ մարդը պաշտոն ունի, թե ոչ, յուրաքանչյուր հայի համար դա ողբերգություն է: Այս մասին Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա միաժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրել է մի քանի հանգամանքների վրա: Նախ այն, որ իրավապահ մարմինները չեն կարող զգացմունքներով առաջնորդվել: «Ես պարտավոր եմ իմ գործողությունները կազմակերպել երկրի օրենսդրության եւ միջազգային իրավունքների դրույթներին համապատասխան՝ անկախ զգացմունքներից»: Ըստ նրա՝ լսումները որոշվել է բաց ռեժիմով անցկացնել, որպեսզի հանրությունը տեղյակ լինի իրադրությունից՝ հաշվի առնելով, որ քաղաքական, հասարակական շրջանակներում, կենցաղային մակարդակով շրջանառվում են իրավունքի տարբեր դրույթներ: «Ինձ համար անընդունելի է անձնական, կուսակցական կամ քաղաքական նպատակներով ժողովրդի համար կարեւոր եւ զգայուն իրավիճակն օգտագործելը: Մեր նպատակն ընդհանուր է: Բայց դրան հասնելու ուղիները չեն կարող նույնական լինել»,- հայտարարել է Կոստանյանը: Նշենք, որ լսումները անց են կացվում դահլիճում, որի չափերը այնքան էլ չեն համապատասխանում մասնակիցների եւ մամուլի ներկայացուցիչների թվին: Այս հանգամանքը պատգամավորների մի մասին դրդել է պահանջել, որ նիստը տեղափոխվի այլ դահլիճ: Պահանջը չի բավարարվել: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է, որ Կոստանյանը «տղամարդավարի» խոստում էր տվել դիմել ՌԴ գլխավոր դատախազին, ինչին Կոստանյանը պատասխանել է. «Շատերի մեջ տղամարդկության մասին պատկերացումները խախտվել են: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականություների կատարման որեւէ գործընթաց»: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ գլխավոր դատախազի զեկույցն ավելի շատ նման էր զգացմունքները վերապատմելուն: «Դա զեկույց չէր, այլ հոգեւոր անձի պատմություն ձեր ապրումների մասին: Եթե մենք այդ մասին ցանկանայինք լսել, կաթողիկոսին կհրավիրեինք», - նշել է պատգամավորը՝ հավելելով, որ «բացատրությունները», թե ինչու սգո օր չի հայտարարվել, չեն դիմանում քննադատությանը: «Այդ հայտարարությունները հնչեցրել են անգրագետ մարդիկ, որոնք քաղաքական շահարկումներով են զբաղվում», - հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը: Իր հերթին Ռուբեն Հակոբյանը կարծիք է հայտնել, որ լսումները հարկավոր էր փակ ռեժիմով կազմակերպել: «Իսկ ինչ կարող էր ասել գլխավոր դատախազը: Ելնելով քննության գաղտնիությունից՝ այլեւս ոչինչ», - նկատել է պատգամավորը՝ հավելելով, որ հարցը խիստ կարեւոր է երկրի անվտանգության տեսանկյունից, եւ փակ ռեժիմով լսումների ժամանակ պատգամավորները հնարավորություն կստանային կարծիք հայտնել առանց քաղաքական համատեքստին նայելու: