Բավ է պառակտվել
23-09-2016 14:34

ՀՀ-ից Կանադա ուղարկվող ընկույզի միջուկում «ափիոն» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ (շուրջ 78,1 հազար դոլար), հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը:

Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով, թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր դեպքով մաքսանենգության թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին:

Գերմանիայից Հայաստան ուղարկված, առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խաղալիքների և հագուստի պարունակությամբ առաքանում թմրանյութ է թաքցված: Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ:

Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:

Բացի այդ, կանխվել է խոշոր խմբաքանակով թմրանյութի անօրինական տեղափոխման ևս մեկ փորձ ու կրկին փոստային առաքանիների միջոցով:

«Հայաստանից Կանադա արտահանվող 5.58 կգ ընդհանուր քաշով ծանրոցի զննման արդյունքում պարզվել է, որ առկա 5,54 կգ քաշով ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով»,-նշել է Տիգրան Սինոյանը:

Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է: Ծանրոցն ուղարկողը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը, հայտնաբերվել և նույն օրը ձերբակալվել է:

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում այլ դեպքերով ևս հատուկ հարմարեցված տարբեր տեսակի թաքստոցներից հայտնաբերվել են ափիոն, հաշիշ, մեթադոն և տրամադոլ տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:

Վարչության աշխատակիցները մի շարք բացահայտումներով առգրավվել են 207 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ և պլանշետներ, որոնցից 111-ը հայտնաբերել են Բագրատաշենի մաքսակետում` Վրաստանից ժամանած «Mercedes-Benz» ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված գաղտնարանից: Ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ հայտնաբերված ապրանքները թաքցրել է մաքսային ձևակերպումներից խուսափելու համար:

Բացի այդ, փորձ է արվել ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ և սննդամթերք: 5 դեպքով էլ կանխվել է դիզելային վառելիքի անօրինական ներկրման փորձ: