Բավ է պառակտվել
14-03-2015 15:21

Դիարբեքիրում Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվել

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի (պատմական Աղձնիք նահանգ, Տիգրանակերտ) քրդական Դիջլե (Տիգրիս) համալսարանում «Չավարտվող բռնագաղթ» խորագրով Հայոց ցեղասպանության վերաբերյալ համաժողով է անցկացվել։  Դիջլե համալսարանի կոնգրեսի կենտրոնում կազմակերպված համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Գաֆուր Թյուրքայը, որը նշել է, որ այս հողերում բնակվող ամենահին ժողովուրդներից մեկը՝ հայերը, 100 տարի առաջ ենթարկվել են ցեղասպանության։ Բաց քննարկմանը մասնակցել են նաև Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանը և հայտնի թուրք լրագրող, գրող Ջենգիզ Աքթարը։ Համաժողովին ներկա են գտնվել մեծ թվով գիտնականներ և ուսանողներ։ Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և՝ գիտական ուղղությամբ: Թուրքիան տպագրում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարբեր շրջաններում Ցեղասպանության թեմայով անցկացվում են հատուկենտ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատմական իրադարձություններին տրվում են ճշգրիտ գնահատականներ։