11-11-2016 13:02

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսեւորումները

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսեւորումների վերաբերյալ: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:

«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսեւորման հաղորդումների կապակցությամբ, ինչպես նաեւ այդ անձանց կողմից` սեփական հայկական ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:

Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու եւ պայքարելու հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաեւ կամայական եւ խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց մուտքը Ադրբեջան:

Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաեւ Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ: