Բավ է պառակտվել
14-01-2015 11:04

ՌԴ ՊՆ-ն մտադիր է խստորեն պատժել Գյումրիի ռազմաբազայի հրամանատարությանը

Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է հայ-թուրքական սահմանին օրերս ձերբակալված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ով Գյումրիում սպանել էր 7 հոգանոց ընտանիքի 6 անդամի: 
Պարբերականը նշում է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորը պնդում է, որ հանցագործությունը կանխամտածված չի եղել: 
Պերմյակովը Հայաստանին չի հանձնվելու: Նրա գործը քննելու է երկու երկրների իրավապահներից բաղկացած մարմինը: 
ՌԴ պաշտպանության նախարարությունը մտադիր է խստորեն պատժել ռազմաբազայի հրամանատարությանը, որտեղ ծառայել է զինծառայողը՝ ընդհուպ մինչև նրա հրամանատարներին քրեական պատասխանատվության ենթարկել: 
Պատահարի մանրամասները քննելու համար Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեղեկացրել է 102-րդ ռազմաբազայում իրականացվող ծառայողական քննության մասին:
Պարբերականի՝ ՌԴ ռազմական գերատեսչության աղբյուրները տեղեկացնում են, որ նախարարությունը մտադիր է խստորեն պատժել բոլորին, որոնք ինչ-որ կերպ կապ ունեն տեղի ունեցածի հետ: 
Աղբյուրի համաձայն՝ նկատողություններ և նախազգուշացումներ են արվել ռազմաբազայի ղեկավարությանը: ՊՆ-ն նաև ընդգծում է, որ նյութերն ուղարկվելու են քննչական մարմիններ՝ քրեական գործ հարուցելու համար:
Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում. սպանվել է միևնույն ընտանիքի 6 անդամ։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել մինչև 1 տարեկան փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։