Բավ է պառակտվել
28-01-2015 14:01

Ապրելու համար մենք պիտի պայքարեինք.Կոմանդոս

Այսօր Հայոց բանակի 23-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ արցախյան հերոսամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց. «Այն, որ մենք հիմա յուրօրինակ հնարավորություն ունենք, մենք միշտ ունեցել ենք մեծ երկիր, և հաճախ ենք կորցրել մեր հողերը: Մենք անընդհատ կորցնում էինք, և հետագայում այդպես չէինք կարող շարունակել: Հիմա մենք հասկանում ենք, երբ նշելու ենք ցեղասպանության հարյուրամյակը, այսօր էլ նրանք ցեղասպանություն են ուզում: Ապրելու համար մենք պիտի պայքարեինք: Մենք գիտենք Թուրքիայի՝ մինչև Չինաստան ձգվող մեծ Թուրան ստեղծելու նպատակները, և մենք պիտի պայքարեինք: Նշեմ, որ մեզ խորհրդային ուժերը չեն օգնել: Մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իրեն: Մենք պատրաստ էինք մահանալ, մարդկանց ստիպել պետք չէր, որ կռվեին: Նրանք կամ պիտի կռվեին, կամ պիտի մահանային»: 
Ըստ Կոմանդոսի՝ այսօրվա մեր առաջադրանքը՝ Հայաստանը և Ղարաբաղը պահելն է, իսկ դրան խանգարում է Ադրբեջանը. «Այսօր Ադրբեջանում ութ միլիոն մարդ է ապրում, բայց այդ ութ միլիոնն էլ ադրբեջանցի չեն: Օրինակ՝ թալիշները, լեզգիները, ավարները: Միջազգային վերլուծական կենտրոնում տասը-տասնհինգ տարի հետո կայանալիք իրադարձությունների մասին են կանխատեսում: Հայաստանի մասին եղել է կանխատեսում, որ այն դանդաղ զարգացում կապրի, քանի որ մոնոլիտ երկիր է: Իսկ Ադրբեջանում մոնոլիտության խնդիր կա: Մենք խոսքի ազատության կողմից ենք, իսկ դուք գիտե՞ք, թե Ադրբեջանում ինչ վիճակում են ԶԼՄ-ները»:
«Բանակի առաջին հրամանը եղավ դեկտեմբերի չորսին՝ հրամանատար նշանակելով Վազգեն Սարգսյանին, մենք այդ ժամանակ կառուցվածքային խնդիրներ ունեինք դեռ՝ սկսած նստելու վայրից»,- նշեց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ ներկայացնելով հայկական զինված ուժերի կազմավորման պատմությունը:
«Ռազմավարական առումով մեր բանակը պատրաստ է, մենք ոչ-ոքից օգնություն չենք խնդրում: Մենք ունենք պահուստային հատուկ պատրաստվածության ուժեր, որոնք այսօր չենք օգտագործում, որովհետև այս պահին դրանք օգտագործելը ճիշտ չէ: Սեյրան Օհանյանը ելույթում ասեց, որ մենք թեժ կետեր ենք ստեղծել, իսկ իրենք այդ թեժ կետերը չեն ուզում, իրենք ուզում են լարվածության մեջ պահեն: Ստրատեգիական առումով մեր բանակը պատրաստ է»,- հայտարարեց Աստվածատուր Պետրոսյանը: