Բավ է պառակտվել
12-01-2016 13:18

Շտապ օգնության կանչերի թիվն ավելացել է

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2015թվականի ընթացքում ավելի լարված է աշխատել 2014 թվականի համեմատ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ 2015 թվականի ընթացքում ընդհանուր կանչերի քանակը եղել է 238 216 կանչ, որը նախորդ տարվանից 5,2 տոկոսով ավելի է: «Գերակշռողը սրտանոթային հիվանդությունների կանչերն են եղել, հետո՝ շնչառական հիվանդությունները, ապա՝ տրավմաները»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքերով՝ Ամանորի ընթացքում 9611 կանչ է կատարել Շտապ օգնությունը, որը 830 կանչով ավելի է նախորդ տարվանից: Այդ կանչերից 1567 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: «Տոնական օրերին «Շտապօգնությունը» գերլարված է աշխատել, առավելագույն կանչերը գրանցվել են հունվարի 7-ին»,-նշեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը: Խոսելով սուր շնչառական հիվանդությունների վերաբերյալ կանչերի մասին՝ Թագուհի Ստեփանյանն ասաց, որ 1659 կանչ է գրանցվել սուր շնչառական կանչերով, որոնցից 10-ը տեղափոխվել են հիվանդանոց: «Հիմնականում դիմել են, որ բժիշկները գնան և թոքերի աշխատանքը ստուգեն»,-տեղեկացրեց նա: Երեխաների դեպքում 699 կանչ է գրանցվել, որից հիվանդանոց են տեղափոխվել 104-ը: Կոտրվածքների վերաբերյալ էլ Թագուհի Ստեփանյանն ասաց, որ յուրաքանչյուր օր 3-10 կանչ է եղել, ընդհանուր առմամբ 70 կանչ է եղել: