26-12-2013 16:02

Կոկորդիլոսի միսը անպտղության պատճա՞ռ

Այն պահից երբ բոլորիս հայտնի գովազդից պարզ դարձավ, որ ամանորյա սեղանը կարելի է զարդարել ոչ միայն ավանդական դարձած խոզի բդով, այլ նաև էկզոտիկ կոկորդիլոսով, իրարամերժ կարծիքների տեղատարափը երկար սպասել չտվեց: Ոմանք գտան, որ սա ուղղակի սարսափի ժանրից է, ոմանք բանական ու տրամաբանական համարեցին, որոշները ՙքաղքենության վերջին ճիչ՚ որակեցին, բայց ամենաշատը մտածելու տեղիք տվեց շրջանառվող այն լուրը, ըստ որի կոկորդիլոսի մսի օգտագործումը կարող է անպտղության պատճառ դառնալ: Լրագրողական հետաքրքրությունն ուղղորդեց մասնագետի մոտ:

"Նման բան չկա, դրանք ուղղակի խոսակցություններ են, գուցե նաև սև PR-ի միջոց",- նման կարծիք հայտնեց Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Մասնագետը նաև նշեց, որ էկզոտիկ կենդանիների, այդ թվում կոկորդիլոսի միսը շատ օգտակար է ատամների համար: Էդուարդ Մարտինիչը, նաև խորհուրդ տվեց հիվադագին չնայել դրա, մեր սեղաններին հայտնվելու փաստը. "Թող ով ուզի ուտի, դրա մեջ վատ բան չկա, մեր ազգը լավագույնին է արժանի, այնպես որ մի կոկորդիլոսը մեծ ճոխություն չէ մեզ համար",- ավելացրեց նա:

Հարգելով մասնագետի կարծիքը, փորձեցինք պարզել, թե ինչ են այս մասին մտածում մեր համաքաղաքացիները.
Թամարա Կարապետյան, 43 տարեկան մանկավարժ. "Նման խոսակցություններ ականջիս հասել են, բայց ճիշտն ասած չեմ հավատում, դրանից բացի ինչքա՞ն պիտի ուտենք, որ բանը հասնի անպտղության: Ես չեմ ուտի հաշվի առնելով ոչ ախորժաբեր տեսքն ու անկեղծ ասած գրպանս էլ դրան չի հասնի":
Կիմա Ղալեչյան, 47 տարեկան, հաշվապահ. "Հավատում եմ որ նման բան կարող է լինել, ասեմ ավելին վերջերս արտասահմանյան մի ալիքով հենց այդ մասին հաղորդում եմ նայել ու այնտեղ պարզ ասեցին, որ մեծ քանակությամբ օգտագործելը անպտղության կարող է բերել": 
Կարծիքները տարբեր են, բայց մի բան հաստատ է, հաշվի առնելով "էկզոտիկ նորարարության" գինը, քչերը կարող են համտեսել դրա միսը: Եվ վերջապես արդյոք կոկորդիլոսն է որոշում Նոր տարվա տրամադրությունն ու գալիք տարվա հաջողությունը: Ուղղակի հիշենք, որ Ամանորը ուտելու տոն չէ: