Բավ է պառակտվել
21-10-2016 08:51

ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական անվտանգության ապահովման վերահսկողություն է անհրաժեշտ

Յուրաքանչյուր ուղևոր իր անվտանգությունը վստահում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ու փոխադրողին։ Իսկ բնակչության համար անվտանգ ուղևորափոխադրում ապահովողն ու պատասխանատուն հանդիսանում է պետությունը, որի վերահսկողության ներքո են գտնվում (կամ պետք է գտնվեն) բոլոր կազմակերպությունները, որոնք ներգրավված են այս կարևոր և պատասխանատու աշխատանքի իրականացման գործում։

Սակայն այսօրվա դրությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները գրեթե վերահսկողությունից դուրս են, և դաշտը կարգավորող ու վերահսկողությունը խստացնող օրինագիծն ԱԺ-ում է արդեն շուրջ մեկ տարի։

Նախագիծը մշակվել էր դեռ մեկ տարի առաջ՝ 2015թ․, Տուլայում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո, ինչի արդյունքում էլ 9 մարդ էր զոհվել, 48 ուղևորներ ստացել էին տարրբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 14-ին, Մոսկվայից Երևան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով 5 ուղևոր զոհվեց, 27-ը՝ վիրավորվեցին:

Ինչպես պարզվել էր, այս ավտոբուսը նույնպես զբաղվում էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներով, հետևաբար պետական կառույցների վերահսկողությունից դուրս էր։

Վթարին օպերատիվ արձագանք եղավ, ձևավորվեց դեպքի մանրամասներն ու հետևանքներն ուսումնասիրող օպերատիվ խումբ, նույն օրը կազմակերպվեց առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների վերադարձը Հայաստան:

Այս ամենի համատըեքստում պարզվեց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որևէ լծակ չունի պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ օրենսդրությունն ազատականացված է։

Իրականում սա այն դեպքերից է, երբ խիստ վերահսկողությունն ուղղակի անհրաժեշտ է հատկապես տրասպորտային միջոցների տեխնիկական զննման ու շահագործման նորմատիվների սահմանման մասով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին ընդգծեց՝ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ:

Այս և նմանօրինակ խնդիրների կարգավորման ճանապարհին կարևոր է ուղևորոփոխադրող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննման չափորոշիչների հստակեցումն ու վերահսկողության մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա բարձրացնել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակը։