08-03-2014 17:05

«Կինը ցանկացած պարագայում մնում է կին, ու դատապարտյալ կինը ևս կին է և ունի կնոջը բնորոշ բոլոր զգացմունքները, երազանքները».հոգեբան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը նշեց, որ կալանավայրում գտնվող կանանց հետ պետք է աշխատեն համապատասխան սոցիալ-հոգեբաններ, որպեսզի նրանք իսկապես փոխվեն և ներգրավվեն հասարակություն: «Համոզված եմ, որ հանցագործ դառնում են, ոչ թե ծնվում»,-ընդգծեց բանախոսը: Վերջինս ցավով նշեց, որ տարեց տարի շատանում է դատապարտյալների թիվը, բայց ընդգծեց, որ դա էլ հաճախ հետևանք է ծանր ապրելակերպի:

«Մեր օրերում տղամարդկանց մի զգալի հատվածը դրսում է, և ընտանեկան շատ հոգսեր ընկնում են կանանց վրա։ Տղամարդիկ երբեմն այդպես էլ չեն վերադառնում, կինն էլ պայքարում է՝ միայնակ փորձելով հաղթահարել դժվարությունները, բայց երբեմն հանձնվում է, սխալ քայլ անում ու ընկնում կալանավայր: Դրա համար պետությունը պետք է կարողանա համապատասխան ծրագրեր իրականացնել այդ կանանց հետ, որպեսզի նրանք կարողանան հետագայում ինտեգրվել հասարակությանը»,-ասաց Խաչատուր Մարոզյանը:
Ասուլիսին հրավիրված մյուսա հյուրը՝ Հոգեբան Արմինե Փաշայանն էլ նշեց, որ հաճախ անազատության մեջ գտնվող կանայք ավելի ազատ են, քան ամբողջ օրը տան չորս պատերի ներսում գտնվող կանայք:

«Կինը ցանկացած պարագայում մնում է կին, ու դատապարտյալ կինը ևս կին է և ունի կնոջը բնորոշ բոլոր զգացմունքները, երազանքները: Պետք է հասկանալ, որ կալանավայրում գտնվող կնոջ համար, ինչպես այնտեղ գտնվող ցանկացած մարդու կալանքը պատիժ է, բայց ոչ փոխվելու միջոց, այսինքն՝ պետք է նրանց հետ համապատասխան աշխատանք տարվի, որ պատրաստ լինեն հասարակություն դուրս գալ: Բայց եթե կինը վերադառնա այն նույն միջավայր, որտեղ եղել է մինչ կալանավորումը, բացառված չէ, որ նորից նպաստավոր պայմաններ կստեղծվեն, որպեսզի նա գնա նույն ճանապարհով»,-նշեց նա: