Բավ է պառակտվել
25-04-2015 14:10

Շարունակելու եմ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար.Ք. Քարդաշյան

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամերիկյան հեղինակավոր Time ամսագրում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային։ 
«Երբ մենք մեծացանք, մեր հայրը պատմում էր մեզ մեր ժառանգության մասին։ Մենք ուտում էինք հայկական ուտեստներ, լսում պատմություններ, մեր հայրիկն իսկապես շատ էր պատմում մեր պատմությունը։ Մեզ ասում էին, որ շատ հայեր տեղափոխվել են, նրանք փոխել են իրենց ազգանվան «յան» վերջավորությունը՝ վախենալով սպանվել։ 
«Ինչ էլ որ անեք, աղջիկներս, երբեք չփոխեք ձեր ազգանունը՝ այն Քարդաշյան է»՝ ասում էր հայրս։ Նա շատ էր բարձրաձայնում և ցանկանում էր, որ մենք էլ երբեք չմոռանանք՝ որտեղից ենք մենք»,- գրել է Քարդաշյանը։ Ամերիկահայ աստղը նշում է, որ իր նախնիները Լոս Անջելես են տեղափոխվել 1914-ին՝ նախքան ցեղասպանության սկսվելը։  
«Այնքան շատ մարդիկ կան, ովքեր կորցրել են իրենց ընտանիքները, և պատմությունները, թե ինչպես են նրանք սպանվել, այնքան սրտաճմլիկ են։ Նրանք երբեք չպետք է մոռացվեն»,- նշել է Քարդաշյանը։:
«Իմ ընտանիքը երկար ժամանակ ցանկանում էր գնալ Հայաստան։ Իմ հայրիկը նույնպես կցանկանար գնալ։ Իմ տատիկն ու պապիկը նույնպես։ Իմ նախնիները կցանկանային գնալ։ Սակայն նրանցից ոչ մեկին դա չհաջողվեց»,- գրել է հայազգի աստղը։ 
Քարդաշյանն իր հոդվածում անդրադարձել է նաև այս տարի Հայաստան կատարած այցին։ «Իմ քույր Քլոեն, դուստրս՝ Նորթը, և ամուսինս՝ Քանյե Ուեսթը, այս ամիս վերջապես մեկնեցինք Հայաստան։  Այնքան շատ մարդ է մոտեցել ինձ ու ասել, որ չեն իմացել ցեղասպանության մասին։ Եթե մենք կարող ենք ուշադրություն գրավել, ինչո՞ւ անգործ նստենք»,- գրել է Քարդաշյանը։ 
 Քիմը նշել է, որ շարունակելու է այդ հարցը բարձրացնել և պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։ 
«Ես շատ կցանկանամ, որ նախագահ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» բառը։ Շատ հիասթափեցնող է, որ նա չի օգտագործում այդ բառը որպես նախագահ։ Մենք կարծում էինք, որ դա տեղի կունենա այս տարի։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք, մենք իսկապես շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ասել է նա։:
«Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինձ տվել է Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանը։ Մանուշակագույնն իմ դստեր սիրելի գույնն է, այդ պատճառով էլ նա ցանկանում է կրել այդ կրծքանշանն ամեն օր։ Երբ նա մեծանա, ես նրան կպատմեմ այդ զարդի իրական նշանակությունը։ Ես կիսով չափ հայ եմ, սակայն մեծացել եմ իմ հայ ինքնության շատ մեծ զգացողությամբ, և ես ցանկանում եմ, որ իմ դուստրն ունենա նույն զգացողությունը»,- հավելել է Քիմը։