Բավ է պառակտվել
18-02-2015 10:21

Հալեպում հայաբնակ թաղամասերն ահաբեկիչների թիրախում են հայտնվել

Արդեն մի քանի օր է՝ Սիրիայի բանակը Հալեպում և դրա արվարձաններում ռազմական լուրջ գործողություններ է սկսել՝ զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանները գրավելու նպատակով: Մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցել քաղաքի հյուսիսային ու արևմտյան արվարձաններում, քաղաքում գտնվող ահաբեկչական խմբավորումները թիրախ են ընտրել երկրի խաղաղ բնակչությանը:
Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը համարվող Հալեպի տարբեր թաղամասեր երեկ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են հայտնվել: 
Հիմնականում հրթիռակոծվել է քրիստոնյա և հայաբնակ Ազիզիե շրջանը: 
Հրթիռակոծվել է նաև քաղաքի կենտրոնում գտնվող Բըսթան Քըլափ շրջանը, ուր հիմնականում խանութներ են: Այդ շրջանում գազի բալոնով պատրաստված 5 հրթիռ է արձակվել: 
Այնտեղ խանութ-արհեստանոցներ ունեն նաև շատ հայեր, և հրթիռներից մեկն ընկել է հենց հայ արհեստավորի տարածքում, բայց բարեբախտաբար չի պայթել: 
Հրթիռակոծվել են նաև այլ թաղամասեր: Դրանց հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 36 մարդ: 
Գրանցվել են նյութական վնասներ. վնասվել են բնակարաններ, խանութներ, ավտոմեքենաներ: Քաղաքի բնակչությունը վախի ու սարսափի մեջ է եղել: 
Հալեպում վիճակը լարված է եղել նաև նախորդ օրը: Սըրիան ալ-Ադիմ շրջանում ընկած հրթիռների հետևանքով բազմաթիվ զոհեր ու վիրավորներ են գրանցվել: 
Ի դեպ, վերջին օրերին տեղեկություններ են տարածվել այն մասին, որ սիրիական բանակը շրջափակել է Հալեպը՝ օղակի մեջ առնելով այնտեղ գտնվող ահաբեկչական խմբավորումներին: Վերջին օրերին գրանցված լարվածությունը հավանաբար դրա հետևանքն է: