Բավ է պառակտվել
07-05-2014 20:12

Քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցվել է 12 մլն դրամ, 378 հազար դոլար

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ մայիսի 7-ին տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիների խորհրդի նախագահ, վերապատվելի Հարություն Սելիմյանը ներկայացրեց վերջին շրջանում Սիրիայում տիրող վատթար իրավիճակը: Նա նշեց, որ Սիրիայի հյուսիս, հյուսիսարեւելյան շրջաններից Հալեպի հայկական թաղամասերի վրա հարձակված զինյալների գործողությունների հետեւանքով հալեպահայերի գոյությունը վտանգված է: Մարդկանց կենսագործունեության համար բացակայում են նվազագույն պայմանները, ազգաբնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը: Չնայած այս ամենին՝ ոչ մի հայկական դպրոց եւ եկեղեցի չի դադարեցրել իր գործունեությունը Սիրիայում: Այսօր Քեսաբը ամբողջովին հայաթափված է: Պետք է ամեն կերպ երկխոսության միջոցով նպաստել խաղաղության հաստատմանը եւ նորից վերակառուցել Քեսաբը: Հարություն Սելիմյանը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու համար եւ շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար: Սիրիայում գործող շտապ օգնության մարմինները ամենօրյա աշխատանքներ են տանում օրհասական վիճակում գտնվող սիրիահայերին աջակցելու համար:

Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել Թուրքիայի Վաքըֆ գյուղում գտնվող 22 հայերի անունները՝ նրանց Լաթաքիա իրենց ազգականների մոտ տեղափոխելու նպատակով: Նախարարը նշեց, որ եթե հնարավոր լինի կազմակերպել սիրիահայ երեխաների տեղափոխումը Հայաստան, սփյուռքի նախարարությունը պատրաստ է նրանց ընգրկել նախարարության ծրագրերում, կազմակերպել նրանց ամառային հանգիստը ճամբարներում:

Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրեց երեւանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության 2014 թվականի ծրագրի կատարման ընթացքը: Երեւանի քաղաքապետարանը շարունակում է աջակցությունը սոցիալապես կարիքավոր սիրիահայ ընտանիքներին : Նախապես կատարվել է սիրիահայ ընտանիքների ուսումնասիրություն եւ կարիքների գնահատում: Դրամական աջակցություն է տրամադրվել 79 սիրիահայ ընտանիքի: 283 սիրիահայերի տրամադրվել են կենցաղային, պարենային ապրանքներ, հագուստ, գրենական պարագաներ: Կան պետական սոցիալական աջակցության ծրագրերում ընգրկված սիրիահայ ընտանիքներ: 2014թ ՀՀ քաղաքացիություն ունեցող 28 սիրիահայեր հաշվառվել եւ ձեռք են բերել կենսաթոշակ ստանալու իրավունք: Շեշտվեց, որ առաջնահերթ խնդիրներից է բնակարանների վարձավճարների փոխհատուցումը: 179 սիրիահայ ընտանիքների տվյալները փոխանցվել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը բնակարանային վարձավճարները փոխհատուցելու նպատակով: Ներկայացվեց նաեւ դպրոցներում սիրիահայ աշակերտների ինտեգրման նպատակով նրանց համար կազմակերպված արտադասարանային մշակութային, ռազմահայրենասիրական դասընթացների, ճանաչողական այցելությունների կազմակերպումը : Աշակերտներն ամբողջությամբ ընդգրկված են տարաբնույթ կրթական եւ մշակութային ծրագրերում: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ՀՀ քաղաքացիների համար նախատեսված հիմունքներով սիրիահայ ընտանիքներին եւս սոցիալական ապահովության նպաստների տրամադրումը:

Սիրիահայերի աջակցության ուղղությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կատարած աշխատանքների մասին զեկուցեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա նշեց, որ 80 մլն դրամ տրամադրվել է սիրիահայերի ուսման վարձավճարների, բուժման եւ այլ ծախսերը հոգալու նպատակով: Առաջիկա օրերին 60 հազար դոլար կփոխանցեն Սիրիայում Հայաստանի դեսպանություն՝ քեսաբահայերին օգնելու նպատակով: Գումարների մեծ մասը փոխանցել են Հայաստանցի գործարարները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ներկա պահին քեսաբահայերի օգնության ֆոնդին փոխանցված գումարների չափը. 12 մլն ՀՀ դրամ, 378 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար ռուբլի, 5 հազար եվրո: