Բավ է պառակտվել
15-02-2014 12:06

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ ընդվզումները նոր զարգացումներ են ստանում

Կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ հասարակության ընդվզումը նոր զարգացումներ է արձանագրում: Այդ մասին ասվում է Ազգային Ժողովի ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների տարածած հայտարարության մեջ:
«Գիտակցելով, որ իրենց սահմանադրական իրավունքները ոտնահարվում են, որ նվազում են մարդկանց իրական եկամուտները՝ արդեն ամբողջական աշխատանքային կոլեկտիվներ են բողոքի ակցիաներ կազմակերպում: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, երկաթուղու, մետրոյի, էլեկտրական ցանցերի աշխատակիցների՝ վերջին օրերի բողոքը սեփական շահերը պաշտպանելու մեր քաղաքացիների վճռականության դրսևորումն են: Շատ կարևոր է, որ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները կանգնած են նրանց կողքին, ինչը քաղաքացիական հասունության նոր որակ է հաղորդում օրինական պայքարին:
ՀՀ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները անթույլատրելի ու դատապարտելի են համարում Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի՝ իրենց լիազորությունները գերազանցող մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք հակասում են Սահմանադրական դատարանի հայտնի որոշմանը:
Մենք ակտիվ, պայքարող, գիտակից քաղաքացիներին, երիտասարդներին կոչ ենք անում ավելի լայն թափով ու կազմակերպվածությամբ շարունակել պայքարը: Բոլոր գործատուներին հորդորում ենք՝ հետևել Սահմանադրական դատարանի իրավական պահանջին, բացառել աշխատակիցների հանդեպ ճնշումներն ու սպառնալիքները:
Մենք համոզված ենք՝ միայն կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ ահագնացող շարժումը կստիպի իշխանություններին սթափվել, ետ կանգնել հասարակության ու յուրաքնաչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը ոտնահարող, վստահության խոր ճգնաժամ առաջացնող գործելաոճից:
Մենք վստահ ենք՝ միայն հզոր շարժման առկայությամբ է հնարավոր հասնել Սահմանադրական դատարանի՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչող որոշմանը:
Մենք ամբողջովին սատարում ենք մեր քաղաքացիների արդարացի շարժմանը և պատրաստ ենք անմիջական մասնակցությամբ շարունակել պայքարը մինչև հաղթանակ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները: