17-02-2014 11:04

՛՛ Ի՞նչ իմանամ, թե 30 տարի հետո իմ հետ ինչ կլինի՛՛. Քաղաքացիները չեն վստահում կենսաթոշակային նոր համակարգին

Հայաստանում, բազմաթիվ արդիական խնդիրների կողքին, արդեն ամիսներ շարունակ իր դիրքերը չի զիջում ՛՛կենսաթոշակային բարեփոխում՛՛ ասվածը: Այդ ՛՛բարեփոխումը՛՛ շատերի համար դարձել է իսկական գլխացավանք: Առանց այդ չնչին աշխատավարձից, պահումներ անելու գաղափարը, այս օրենքին ՛՛զոհ՛՛ դարձածների աչքում իրական թյուրիմացություն է թվում: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից, ըստ նոր օրենքի, 1974թ-ից ծնվածների աշխատավարձից պահումներ պիտի արվեին, 5 տոկոսի չափով, որը փոխանցվելու էր կենսաթոշակային ֆոնդին: Սակայն  Սահմանադրական Դատարանի որոշմամբ օրենքի ՛՛պարտադիր՛՛ բաղադրիչը երկու ամսով կասեցվեց, սակայն պարզվեց, որ անկախ այդ որոշումից, ընկերությունների ղեկավարությունը պահումներ են արել, ինչը դարձավ ակցիաների առիթ: Անցյալ շաբաթը բուռն էր: Ոտքի էին կանգնել օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասանները, նրանց աշխատավարձից 5 տոկոս պահում էր արվել, թե ինչ հիմնավորմամբ ՝ իրենք էլ չգիտեին: Դերասաններն անգամ ՛՛Անուշ՛՛ օպերային ցուցադրությունը տապալեցին: Նրանց միացան ՛՛Հարավկովկասյան երկաթուղիներ՛՛ ընկերության աշխատողները, պահանջը նույն էր. ՛՛Ինչու՞ եք մեր աշխատավարձից պահումներ անում՛՛… Այնուհետև ՛՛թևավորվեցին՛՛ մետրոպոլիտենի աշխատողները: Բուռն ակցիայի պատճառով աշխատանքից հեռացվեցին երեք աշխատակիցներ, նրանք ՛՛մեղադրվում ՛՛ էին բողոքի ակցիա կազմակերպելու մեջ:

Երևանյան ընկերություններից  մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ վախենում է անունը հրապարակել, քանի որ կարող է Մետրոպոլիտենի աշխատակիցների պես հեռացվել աշխատանքից: Բայց սրտնեղած է, նա ստանում է 70 հազար դրամ աշխատավարձ, շաբաթը վեց օր, մինչև ժամը 7-ը աշխատում է, այդ չնչին աշխատավարձի համար: Բնավ չի ցանկանում անգամ հազար դրամ կորցնել. ՛՛Չեմ վստահում այս համակարգին, ես ինչ իմանամ 30 տարի հետո իմ կամ պետության հետ ինչ կլինի, կուտակեմ-կուտակեմ, հետո կորցնեմ գումարներս, չեմ կարողանում տրամաբանությունը հասկանամ, թող աշխատավարձերը լավ բարձրացնեն, հետո 5000 պահում անեն՛՛,-ասաց ընկերության աշխատակիցը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է և աշխատում է մասնագիտությամբ. Բայց ամուսնանալ չի պատրաստվում, քանի որ 70 հազար դրամով ընտանիք պահել չի լինի:

Մեզ հետ զրուցեց նաև թոշակառու տիկին Սվետան, ով նշեց, որ ինքը ևս կբողոքի ու կպաշտպանի երիտասարդների շահերը. ՛՛Ես գնացել էի  ՛՛Անուշ՛՛ օպերան դիտելու, գնամ տեսնեմ ի՞նչ, ներկայացումը չի լինելու, բարկացա, փրփրեցի, հետո հասկացա ինչ է կատարվում: Լավ են անում, իմ կարծիքով դերասանները պիտի շարունակեին գործադուլը: Այնքան պետք է գործադուլ անեն, միչև պետությունը ականջ դնի նրանց՛՛,-մեզ հետ զրույցում նշեց տիկին Սվետան և հավելեց, որ բավական է ճնշեն ուսուցիչներին, վարորդներին կամ մտավորականներին:

Ամեն դեպքում, լրագրողների հետ զրույցում, ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության անդամները բազմիցս նշել են, որ պայքարելու են մինչև վերջ, չեն ՛՛ենթարկվելու՛՛ օրենքին, իսկ ահա, հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից շատերը նշում են, որ այս օրենքի կիրառումը, պարզապես անհնար է, ըստ նրանց, այս համակարգը բավականին հեռանկարային է ու արդյունավետ, ավելին ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ եթե հնարավորություն ունենար, ինքը մեծ հաճույքով կենսաթոշակային ֆոնդին կփոխանցեր այդ 5 տոկոսը, հետագայում թոշակը վայելելու նպատակով: