20-09-2014 13:08

ՔԴԵԴ-ը առողջ բանավեճի կարևորագույն հարթակ է.Շ. Քոչարյան

Այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) 2014-2015 ուսումնական տարվա բացման արարողությունը, որի ընթացքում ողջյունի խոսքով հանդես եկան դպրոցի հիմնադիօր տնօրեն Արմեն Զաքարյանը, Եվրոպայի խորհրդի Քաղաքականության ծրագրավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարկ է նշել, որ դպրոցում ընդգրկված են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: ՔԴԵԴ-ի շրջանավարտ են ԱԺ 7 պատգամավոր, Վայոց Ձորի մարզպետը, փոխնախարարներ, Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, նախարարությունների աշխատակազմերի աշխատակիցներ, ակտիվ հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, խմբագիրներ, լրագրողներ, համալսարաններում քաղաքականություն դասավանդողներ, հոգևորականներ:
Իր խոսքում Շավարշ Քոչարյանը շնորհավորեց այս տարի դպրոց ընդունվածներին և նշեցˋ դպրոցն առողջ բանավեճի կարևորագույն հարթակ է: «ՔԴԵԴ-ը նաև քաղաքական էլիտայի ձևավորման մեջ իր ներդրումն ունի»,- ասաց փոխնախարարը:
Արարողությանը ներկա, դպրոցի նախկին շրջանավարտ ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ ընդգծեց, որ ինքն այն ուսանողներից է եղել, ովքեր չեն ցանկացել ավարտել դպրոցը: «Աշխարհայացքիս ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել այս դպրոցը»:
«Դպրոցը մեծ ընտանիք է և շատ կարևորում եմ դրա գոյությունը: ՔԴԵԴ-ը նպաստում է դեմոկրատիկ համակարգի ձևավորմանը»,-ընդգծեց Եվրոպայի խորհրդի Քաղաքականության ծրագրավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը հիմնադրվել է 2005 թվականի հունիսի 29-ինˋ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Քաղաքական դասընթացների դպրոցներից երևանյանն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթնաժողովից հետո: Դպրոցը կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ քաղաքական հիմնարար և հրատապ թեմաներով, իրականացնում գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում և քաղաքական կրթության ծրագիր: ՔԴԵԴ-ում դասավանդում են Եվրախորհրդարանի, Եվրոպական Միության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ, Սորբոնի, Ստրասբուրգի, Համբուրգի, Փարիզի համալսարանների դասախոսներ: