Բավ է պառակտվել
22-04-2015 11:02

«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության».Կաթողիկոս

Այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի բացման արարողությունը, որին ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի բացմանը մասնակցել են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քույր Եկեղեցիների հոգևոր պետեր և պատվիրակություններ, միջեկեղեցական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդում են, որ արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել ողջույնի և օրհնության խոսքով:

«Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի հոգևոր եղբայրներ,

Համաժողովի պատվարժան մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում ենք Ձեզ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կազմակերպված այս համաժողովի առիթով և բերում օրհնություն համայն հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Բազմաթիվ փորձություններ տեսած մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամռայլ և ողբերգական էջը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված և իրագործված Հայոց Ցեղասպանությունն է, որին զոհ գնացին շուրջ մեկ ու կես միլիոն հայորդիներ: Այսօր` 100 տարի անց, այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մի շարք պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը` իբրև մարդկության դեմ գործված ծանրագույն հանցագործություն, վստահություն է ներշնչում Մեզ, որ այն պիտի ստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական։

Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում և ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների և ցեղասպան այլ պետությունների համար:
Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միաջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմերը և ծանր հարված հասցնում ազգերի և ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը: Ժամանակին միջազգային հանրության կողմից ցեղասպանության հանցագործությունների անտեսումը, անդատապարտելի ու անպատիժ թողնելը, ինչպես և` ժխտողականությունը պատճառ դարձան, որ շարունակվի եղերագործությունների շղթան: Նույն չարահնար մտածողությամբ, որով կազմակերպվեցին հայերի սոսկալի, վայրագ ջարդերը, ծնունդ առան Հոլոքոստը, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները: Ցեղասպանության ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում: Ժխտողականության հանդուրժումը անտարբեր է դարձնում մարդուն իր նմանի տառապանքի հանդեպ և հանրության կյանքում լռեցնում բարոյական պատասխանատվության ձայնը` զրկելով նման սարսափի կրկնությունը կանխելու հանձնառությունից:  Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների: Բարոյականությունը, որ պիտի լինի հիմնամուր սյունը հասարակական կյանքի և պետությունների քաղաքականության, դժբախտաբար, այսօր հաճախ զոհաբերվում է աշխարհաքաղաքական շահերին: Նման հանցավոր դիրքորոշման ու վերաբերմունքի հետևանքները ողբերգական են բազմաթիվ ժողովուրդների համար: Մեզ` հայերիս համար, դա մեկ ու կես միլիոն մեր հայրերի կյանքն էր, կորուսյալ մեր հայրենիքը, մասամբ ոչնչացված և մասամբ ոչնչացման վտանգին ենթակա մշակութային ժառանգությունը: Այսօր մարդկությունն ականատես է նոր ողբերգությունների աշխարհի տարբեր կողմերում: Հազարավոր մարդիկ զոհ են դառնում ազգային-կրոնական անհանդուրժողականությանն ու ծայրահեղականությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքի երկրներում, ինչպես վերջերս Լիբիայում` Ղպտի և Եթովպիական Եկեղեցիների հավատացյալներ: Անմեղ կյանքեր խլող եղեռնագործությունները անկախ դրսևորման ձևերից ու եղանակներից` հանցագործություն են մարդկության դեմ և խստագույնս` դատապարտելի: Դրանց դեմ պայքարը` իբրև դարի մարտահրավեր, պարտքն է յուրաքանչյուր ժողովրդի, պետության, միջազգային հանրության և կառույցի:  Առաքյալն ուսուցանում է, որ եթե մարմնի մի անդամը տառապում է, մյուս անդամները ևս տառապում են նրա հետ (հմմտ. Ա Կորնթ. 12. 26)։ Հիրավի, այս վերջին հարյուր տարիների ընթացքին բազում պետություններ, ազգեր, Եկեղեցիներ, կրոնական ու միջազգային կազմակերպություններ և անհատներ կիսել են հայ ժողովրդի ցավը և իրենց դիրքորոշմամբ նպաստել, որ արդարությունը հաղթանակի։ Մենք վերստին երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ազգերին, Եկեղեցիներին և պետություններին, ովքեր ապաստան են տվել և սատարել մեր ժողովրդի տարագիր զավակներին` վերակերտելու ազգային և հոգևոր իրենց կյանքը, ինչպես և նրանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում համաժողովի մասնակիցներիդ` քույր Եկեղեցիների Պետերիդ, եկեղեցական և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներիդ, բարեկամ երկրների պետական այրերիդ, գիտության և մշակույթի գործիչներիդ և բոլորին, ովքեր այս օրերին մեր ժողովրդի հետ են և գովարժան նպաստ են բերում Հայոց Ցեղասպանության և մարդկության դեմ գործված բոլոր հանցագործությունների դատապարտմանը: Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության և բարօրության մեջ պահպանի համայն աշխարհը, որ ոչ մի ժողովուրդ այլևս չապրի ցեղասպանության ողբերգությունը: Թող Տերը օրհնի մարդկանց և ազգերի միջև եղբայրության ու արդարության ճանապարհները։ Ամեն»: