Բավ է պառակտվել
07-04-2015 10:12

Մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ.Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով. «Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր տիկնանց և օրիորդներին, մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց: Սուրբ Աստվածածնի բարի օրինակով, հոգևոր ու բարոյական բարձր արժեքներով սիրասուն մեր մայրերն ու քույրերը կրթում և մեծացնում են աստվածասեր ու հայրենասեր զավակներ և նվիրական ու ազնիվ ջանքեր բերում հայրենի մեր երկրի և ազգային-եկեղեցական մեր կյանքի առաջընթացին ու պայծառությանը: Մայրությանը նվիրված այս տոնը գեղեցիկ առիթ է բոլոր զավակների համար` երախտալից սրտով վերստին նորոգելու մայրերի հանդեպ իրենց սերն ու նվիրումը և անշեղորեն քայլելու մայրական խրատներով զարդարված ու լուսավորված ճանապարհներով, քանզի սուրբգրային խոսքի համաձայն` մոր խրատն ու պատվիրանը շնորհի պսակ են մարդու գլխին և ոսկի մանյակ` պարանոցին: Սիրելի մայրեր և քույրեր, ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Սուրբ Տիրամոր բարեխոսությամբ Երկնավոր մեր Հայրը Իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, ձեր ընտանիքներին ու զավակներին` պարգևելով խաղաղ կյանքի բարօր ու երջանիկ երկար օրեր»: