Բավ է պառակտվել
26-05-2016 10:41

Փայլանը մեկնաբանել է «հայերի որսի դուրս եկող» թուրք պաշտոնյային ազատազրկելու որոշումը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Թուրքիայի «Իդեալիստական օջախներ» կազմակերպության Կարսի կառույցի ղեկավար Թոլգա Ադըգյուզելին «հայերի որսի դուրս գալու» մասին հայտարարության համար 7 ամիս 15 օր ժամկետով ազատազրկելու և 11 հազար 240 թուրքական լիրա տուգանք վճարելու դատավճիռը։

Թոլգա Ադըգյուզելին հակահայկական հայտարարության համար դատի էր տվել ու դատը շահել հենց Կարո Փայլանը։  Թուրքիայի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ վճիռը հուսադրող է։

«Ատելության քարոզն ատելությունից բխող հանցագործությունների պատճառ կարող է դառնալ։ Այդ դատավարության արդյունքը ցույց է տալիս, որ ատելության սերմանումն անպատիժ չի մնում, ինչը թե՛ հայերի, թե՛ Թուրքիայի հասարակության մեջ խաղաղության ու արդարության հավատացող բոլոր կողմերի համար հուսադրող է։ Մենք շարունակելու ենք պայքարել ատելության խոսք պարունակող, ռասիստական ցանկացած հանցագործության դեմ՝ արդարություն փնտրելով ու աշխատելով հասարակության հաշտեցման ուղղությամբ»,-ասել է Փայլանը։

2015 թվականի հունիսին Կարսի Անի հնավայրում աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանն ու Երևանի պետական կամերային երգչախումբը համերգ էին տվել, ինչից հետո Թոլգա Ադըգյուզելն ասել էր. «Ի՞նչ անենք, մենք էլ Կարսի մատույցներում հայերի որսի դուրս գա՞նք»։

Համասյանի համերգից հետո Ադըգյուզելը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում վիրավորել էր «տեր հոր հագուստով Համասյանին» ու բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի կայացմանը։

«Բոլորն իրենց տեղը պետք է իմանան և սրանից հետո իրենց քայլերը զգույշ գցեն։ Ներսից ու դրսից վաճառված դավաճան ուղեղները մեր համբերությունն են փորձում»,-ասել էր նա։