Բավ է պառակտվել
24-06-2014 11:59

Հասարակական կարգ պահպանել, չի նշանակում ծեծել քաղաքացիներին. Կ. Անդրեասյան

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը իր անհանգստությունն է հայտնել հունիսի 23-ին, Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Նրա հայտարարությունում ասվում է.

«Մեր անհանգստությունն ենք հայտնում երեկ Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին: Հետեւաբար, համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ:

Միաժամանակ, հավաքի որոշ մասնակիցներ եւս անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել: Լրատվամիջոցներում տարածված մի շարք տեսանյութերում երեւում է, թե ինչպես են նրանցից ոմանք կոպիտ կերպով վիրավորում կամ հրում ոստիկաններին: Մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք եւ անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղի ունեցածին ամբողջական գնահատական կտա ոստիկանության կողմից ըստ օրենքի անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո»:

Նշենք, որ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ: 27 ակտիվիստ բերման էր ենթարկվել, իսկ մի քանիսն էլ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ բուժօգնություն էին ստացել եւ դուրս գրվել: