30-07-2016 09:19

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 670 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում հունիսի 29-ին` ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. Հրաչ Վաղինակի Գևորգյանը: Նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: