Բավ է պառակտվել
19-10-2015 15:17

Հինգ տարվա ընթացքում «Տաթևեր» ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղևոր

«Տաթևեր» ճոպանուղին արդեն հինգ տարեկան է: Հինգ տարի առաջ, 2010 թվականի հոկտեմբերի 16-ին գործարկվեց աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ անցնելով Որոտանի կիրճի վրայով և հնարավորություն ընձեռելով Հալիձորից Տաթևի միջնադարյան վանական համալիր հասնել կարճ, հարմարավետ օդային ճանապարհով: Գործարկումից ի վեր ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղևոր, միայն այս տարվա ինն ամիսների ընթացքում՝ շուրջ 90 հազար այցելու: Մինչև ճոպանուղու կառուցումը տարեկան Տաթև այցելողների թիվը չէր գերազանցում 7 հազարը: Այս մասին հայտնում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից: Հինգ տարիների ընթացքում ճոպանուղին յուրօրինակ խթան է դարձել տարածաշրջանի զարգացման համար: Զբոսաշրջային հոսքերի աճը նաև նպաստել է համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը. վերջին հինգ տարվա ընթացքում Գորիսում բացվել է 10 նոր հյուրանոց, վանական համալիրի հարակից համայնքներում գործում են շուրջ երկու տասնյակ հյուրատներ, սպասարկման այլ օբյեկտներ:

«Տաթևեր» ճոպանուղին նաև տեղի բնակիչների համար աշխատատեղերի, գյուղմթերքի իրացման, զբոսաշրջային առաջարկների մշակման նոր հնարավորություններ է ստեղծել: Ճոպանուղու շուրջ 60 աշխատակիցների մեծ մասը տեղացիներ են:

«Ճոպանուղու շնորհիվ Տսթևը դարձել է Հայաստանի ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկը և իր առանձնահատուկ տեղն ունի զբոսաշրջային գործակալությունների փաթեթներում: Այն նաև նպաստում է հանրապետության «Հարավային միջանցք» ուղղության զարգացմանը, քանի որ դեպի Տաթև ուղևորվող զբոսաշրջիկները ճանապարհին կանգ են առնում Խոր Վիրապում, Նորավանքում, Արենիում և Զորաց քարերում, օգտվում են մատուցվող տարբեր ծառայություններից», - նշել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը: «Տաթևեր»-ի առաջին հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը շնորհակալագրեր հանձնեց զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության և Տաթևը՝ որպես զբոսաշրջային ուղղություն զարգացնելու գործում ունեցած ներդրման համար: «Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում ճոպանուղու սպարարկմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների ներդրմանը: Գարնանը ներդրվել էր աշխարհում լավագույններից մեկը համարվող՝ SKIDATA ընկերության տոմսերի վաճառքի միջազգային համակարգը, իսկ ամռանը, զբոսաշրջային ամենաակտիվ շրջանում, գործարկվեց տոմսերի վաճառքի օնլայն համակարգը՝ էապես հեշտացնելով տոմսերի ձեռք բերման գործընթացը»,- նշել է «Տաթևեր»-ի տնօրեն Վահե Բաղդասարյանը՝ ընդգծելով , որ ճապանուղու աշխատակիցների համար մշտապես վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում՝ մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով: «Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլև որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի: