06-11-2014 12:17

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները նվազել են.մասնագետ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բնապահպան Ինգա Զառաֆյանը համոզմունք հայտնեց, թե տարեցտարի Երևան քաղաքում կանաչապատումը նվազում է, ինչը մեր առողջության համար վնասակար է:
«Երևանում 29 հանք կա, որը հիմնականում փոշու աղբյուրներ են, և ոչ մի հանք չի անցել օրինական փորձաքննություն, դրական եզրակացություն ստանալու համար»,-ասաց նա:
Քննարկամնը ներկա «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լենա Նազարյանն էլ ներկայացրեց կենտրոնի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Երևանում 1990 թվականին կանաչապատման ենթակա տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 1250 հեկտար, որից կանաչապատ եղել է 70 տոկոսը. «2003 թվականին կանաչապատման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը նույնն է մնացել, սակայն կանաչն այդ տարածքներում կազմել է 40 տոկոս, իսկ 2007 թվականին այն հասել է 29 տոկոսի»,-մանրամասնեց մասնագետը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ՀՀ-ի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանն ասաց, որ մարդու համար անհրաժեշտ է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, սակայն հիմա ապահովվում է շուրջ 3,3 քմ: «Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները նվազել են»,- ասաց նա ու ավելացրեց, որ չնայած դրան, նա սխալ է համարում կանաչ տարածքներն ավելացումը ծաղկապատման միջոցով, քանի որ դրանք կարճ աճման շրջան ունեն, և տարվա մնացած ժամանակ այդ տարածքը մնում է դատարկ, փոխարենը նա առաջարկում է ծառեր ու թփերն ավելացնել: