Բավ է պառակտվել
24-05-2014 14:59

Այսուհետև, Կալիֆոռնիայի դպրոցական գրքերում կընդգրկվի Հայոց ցեղասպանության թեման

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Նահանգային խորհրդի հատկացումների հանձնաժողովն ընդունել է AB 1915 օրինագիծը, որը պահանջում է Հայոց ցեղասպանության թեման ընդգրկել 7-12-րդ դասարանների ուսումնական ծրագրում։
Օրինագծի հեղինակն է խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, ով ներկայացված փաստաթղթում Կրթության վարչությանը ևս կոչ է արել ներառել 1915թ. դեպքերը հրապարակումներում և պարտադիր ուսումնական ծրագրի նյութերում։
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին հղումով, AB 1915 օրինագիծն ապրիլին արդեն ընդունվել է Կալիֆոռնիայի նահանգային խորհրդի կրթության հանձնաժողովի կողմից, իսկ այժմ այն պետք է քննարկման դրվի Խորհրդի հիմնական օրակարգում։
«AB 1915 օրինագիծը դրվելու է քննարկման, և ես շարունակելու եմ իմ համագործակցությունը Խորհրդի գործընկերներիս և ANCA-ի հետ, որպեսզի ապահովեմ դրա ընդունումը։ Հայոց ցեղասպանության հարցը պետք է անպայման ներառվի մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ուսումնական ծրագրում։ Մենք դրան երկար են պատրաստվել, և շատ ուրախ եմ, որ ներկայում նման աջակցություն ունենք»,-նշել է Նազարյանը։
Ավելի վաղ ANCA-ի Արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը հօգուտ AB1915 օրինագծի բաց նամակ է հղել, որում ընդգծել է, որ անկախ նախկինում ընդունված բանաձևերի, Ցեղասպանության թեման շարունակում է դուրս մնալ հանրային դպրոցների մեծ մասի ուսումնական ծրագրից։
Աղբյուրը հավելում է, որ Նահանգային խորհրդի և Սենատի կողմից հաստատվելու ու նահանգապետի կողմից ստորագրվելու դեպքում, Հայոց ցեղասպանության թեման կներառվի 7-12-րդ դասարանների համար Սոցիալական գիտության ու պատմության դասընթացների ծրագրում։