17-05-2014 14:35

Երեխայի մահվան համար մեղադրվող բուսաբույժից կաշառք ստանալու համար քննիչը կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 309-րդ հոդվածի 1-ին մասով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1, 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի քննչական բաժնի նախկին քննիչ Արթուր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես` նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականի փետրվարի 8-ին Արթուր Ղազարյանին հանձնարարվել է Էջմիածնի բնակիչ, բուսաբուժությամբ զբաղվող Հայկուշ Ն.-ի կողմից սխալ բուժում իրականացնելու արդյունքում չորսամյա Վ. Մ.-ի մահանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումը: Հայկուշ Ն.-ի օգտին ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու համար Արթուր Ղազարյանը Հայկուշ Ն.-ից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր` 4.097.500 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, Արթուր Ղազարյանը խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու ուղղակի դիտավորությամբ 2014 թվականի մայիսի 7-ին Հայկուշ Ն.-ին ներկայացրել է` իբրև չորսամյա Վ. Մ.-ի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված և քրեական գործ հարուցելը մերժված նյութերով խնդիրներ են առաջացել, և առկա է քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականություն, իսկ հարցի լրջությունը առավել տպավորիչ վերջինիս ներկայացնելու նպատակով, պարբերաբար զանգահարել և հայտնել է նրան, որ ևս 50.000 ԱՄՆ դոլար է պետք խնդիրները լուծելու համար: Ա. Ղազարյանը Հայկուշ Ն.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում պարզել է, որ նա կարող է տալ 10.000 ԱՄՆ դոլար: Ա. Ղազարյանը նույն օրը գնացել է Հայկուշ Ն.-ի ամառանոց, անձամբ նրանից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ևս 10.000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 2013 թվականի ապրիլին Ա. Ղազարյանն ընդգրկված լինելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ստեղծված քննչական խմբի կազմում, տեղեկացել է քննչական խմբի ղեկավարի կողմից դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մանրամասներին, խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հիշյալ գործով մեղադրյալ Արտակ Ղ.-ին հայտնել է նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը նրան ձեռնտու բովանդակությամբ կազմվելու համար իր միջոցով փորձագետին 500 ԱՄՆ դոլար կաշառք տալու անհրաժեշտության մասին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել` Արտակ Ղ.-ն, հետագայում կռահելով Արթուր Ղազարյանի հանցավոր մտադրությունը, հրաժարվել է տրամադրել նրա պահանջած գումարը:

Արթուր Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: