01-06-2015 16:48

Հունիսի 1-ին երեխաները հյուրընկալվել էին Ազգային ժողովում

Մանկությունը սեր է, ժպիտ եւ անսահման անկեղծություն: Ազգային ժողովը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ արվել էր ամեն ինչ` օրն իրական տոն դարձնելու համար: Խորհրդարանական այգին վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները: ՀՀ ԱԺ նախագահը շրջել է այգում եւ մեկ առ մեկ շնորհավորել օրվա հերոսներին: Այգու յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Ամենուր խաղեր, ատրակցիոններ, բատուտներ, ծաղրածուներ, տիկնիկային մանրապատումներ` սիրված մուլտերից, ակրոբատներ եւ գնացք, որի երջանիկ ուղեւորները մեր շատ սիրելի փոքրիկներն էին: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում: Իսկ կավճանկարչության հատվածի ներկապնակը մանուկներին պարուրել էր սիրելի պատկերներով ու եռագույնով: Հունիսմեկյան տոնախմբության համերգային մասն ապահովվել են ինչպես «Արեւիկ» մանկապատանեկան համույթի մասնակիցները, այնպես էլ սիրված այլ կատարողներ: