Բավ է պառակտվել
13-06-2014 14:12

Ջրանջատումները կապված չեն ՛՛Ջրաշխարհի՛՛ կամ հարուստների լողավազանների հետ

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Երևան ջուր՛՛ ՓԲԸ ՛՛Արևելք՛՛ շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը նշել է, որ ամռան ամիսներին Երևանում հաճախակի ջրանջատումները հիմնականում պայմանավորված են շինարարական աշխատանքների հետ:
«Տարվա մյուս շրջանում եղանակային պայմաններից ելնելով հնարավոր չէ աշխատանքներ իրականացնել: Այս տարի էլ ամռան ամիսներին կունենանք բազմակի ջրանջատումներ, բայց մենք միշտ իրազեկում ենք բնակիչներին: Շատ են ասում, թե մենք ջուրը անջատում ենք տարբեր ջրավազանների աշխատանքի համար՝ «Ջրաշխարհի» համար, կամ ինչ-որ մեծահարուստի այգիների համար: Նման բան չկա: Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ջրանջատումից հետո ցույց տալ այն վայրը, որտեղ կատարվել է աշխատանքը»,- փաստեց նա:

Կարապետ Օհանյանը նշեց, որ առաջիկայում Նուբարաշենում 60 տարվա մաշվածություն ունեցող խողովակ է փոխվելու, ինչը մի քանի վարչական շրջաններում ջրանջատումների պատճառ կդառնա:

«Մենք այսօր Երևանում 70%-ով ապահովում ենք 24 ժամյա ջրամատակարարում, մոտ 26%-ը 17 ժամով ապահովված է ջրով, իսկ 4%-ը 12-17 ժամյա: Մենք 24 ժամյա ջրամատակարարումը պետք է հասցնենք 97%-ի»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ ամռան ամիսներին իրենք մեծացնում են ջրի թողունակությունը՝ հաշվի առնելով այն, որ շոգ ամիսներին բնակիչներին ավելի շատ ջուր է անհրաժեշտ:

Կարապետ Օհանյանը տեղեկացրեց, որ նախորդ ամսվա ընթացքում մայրաքաղաքում կառուցվել է 2 319 մետր մետաղական և 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ և մի շարք այլ աշխատանքներ են իրականացվել: