Բավ է պառակտվել
19-01-2015 18:41

Սերյոժայի մահվանից հետո մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել հիվանդանոցում

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, որոնք 6-ամսական Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո եկել են ցավակցելու փոքրիկի հարազատներին: Հավաքվածներից շատերը ցավալի տեղեկությունն իմացան հենց հիվանդանոցում. նրանք եկել էին հիվանդանոց՝ երեխային իրենց զորակցությունը հայտնելու, նրա համար խաղալիքներ ու հագուստ էին բերել: Մեզ հետ զրույցում շատերն ասում էին, որ փոքրիկի մահով կարծես թե ողբերգությունը կրկնապատկվեց: Նշենք, որ փետրվարի 2-ին փոքրիկ Սերյոժան կդառնար 7 ամսական:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները 7 օր պայքարում էին նրա կյանքի համար, որի ընթացքում նա երկու անգամ վիրահատության ենթարկվեց: