Բավ է պառակտվել
05-11-2014 18:08

Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնիին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կրթական հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության ոլորտում իրականացրած մի շարք ծրագրերի կապակցությամբ: Մասնավորապես, անդրադառնալով ՀՊՃՀ-ում վերոնշյալ գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների գործունեությանը` նախարարն այդ համատեքստում կարեւորել է կրթություն-աշխատաշուկա կապի եւ ուսանողների ներգրավման եւ աջակցության խնդիրը:

Երկրորդ հարցը, որի մասին խոսել է Արմեն Աշոտյանը, վերաբերել է միջբուհական համագործակցության ընդլայնմանը եւ զարգացմանը, մասնավորապես, Հայաստանի ազգային ագրարային ակադեմիայի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի գործունեությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Երեւանի պետական համալսարանում Ամերիկագիտության կենտրոն հիմնելու գաղափարին: Նախարարի խոսքով` ԵՊՀ-ում արդեն գործում է Եվրոպագիտության կենտրոն, շուտով իր աշխատանքները կսկսի նաեւ ռուսաց լեզվի կենտրոնը: Ա. Աշոտյանն անդրադարձել է նաեւ անգլերեն լեզվի կուրսերի անցկացման, դպրոցներում անգլերենի արտադպրոցական խմբակների ստեղծման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ նախարարությունը կարեւորում է օտար լեզուների ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Ա. Աշոտյանը հայտնել է, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:

Դեսպան Հեֆերնն անդրադարձել է Հայաստանում Ամերիկյան համալսարանում իրականացվող բակալավրիական կրթության եւ կրկնակի դիպլոմների տրամադրման խնդրին` նշելով, որ վերջերս տեղի ունեցած բաց դռների օրվան մասնակցել է շուրջ 600 երիտասարդ: Դեսպանը խոսել է նաեւ ՀՀ-ում միջազգային դպրոցների եւ Ամերիկյան կենտրոնի գործունեությանը: Ամերիկյան կողմին, մասնավորապես. հետաքրքրել է ՏՏ, գյուղատնտեսական եւ բիզնես կրթությունը միջին մասնագիտական ոլորտում` այդ համատեքստում կարեւորելով կրթություն-աշխատաշուկա կապը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առցանց կուրսերի եւ լրագրողական կրթության խնդիրներին: