Բավ է պառակտվել
14-08-2015 13:11

Հայաստանում շոգերն աննախադեպ են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ տևականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են. օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել: Նրա խոսքերով՝ հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետություն են ներթափանցել Սաուդիան Արաբիայի տարածքից: Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովիտներում բարձրացել է 39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է 41 աստիճան տաքություն: Այնուհետև այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տևել է մինչև օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է 41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչև 42 աստիճան: Գ.Սուրենյանի խոսքերով՝ օգոստոսի 7-ից օդի ջերմաստիճանը նվազել է և արդեն ամսի 8-ին և 9-ին մայրաքաղաքում գրանցվել է 33-34 աստիճան տաքություն:  Սակայն օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի 11-ին,12-ին և 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճան: Գ.Սուրենյանը նշեց, որ օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է 6-ից 7 աստիճանով: Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա առաջիկա հինգ օրերին առանձնապես լուրջ կլիմայական փոփոխություններ չեն սպասվում: Ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: Ի դեպ, 40-41 աստիճանի տևողությունը, եթե նախորդ շրջանում տևել է 1-2 ժամ, ապա այս օրերին կերկարի և կտևի ավելի քան 3 ժամ: Բացի այդ, Գ.Սուրենյանի փոխանցմամբ, սպասվում է գիշերային ջերմաստիճանի բարձրացում: Եթե նախորդ երկու օրերին Երևանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է 22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի: Գ.Սուրենյանը նաև նշեց, որ օգոստոսի 17-ին և 18-ին օդի ջերմաստիճանը 1-ից 2 աստիճանով կնվազի՝ տատանվելով 39-40 ատիճանի սահմաններում: Սակայն օգոստոսի 19-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, ինչի արդյունքում օգոստոսի 19-ին, 20-ին և 21-ին ջերմաստիճանը կհասնի 40-41 աստիճանի:  Նա նաև հայտնեց, որ ամենաշոգը կլինի Սյունիքի հովտային գոտիներում, մասնավորապես, Մեղրիի ու Ագարակի հատվածում, որտեղ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 42 աստիճանի: Իսկ ամենազովը կլինի Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում և Վայոց Ձորի լեռնային հատվածներում: Թեև այդ շրջաններում նույնպես այս օրերին գրանցվել է բարձր ջերմաստիճան: