05-07-2016 14:20

Երևանում շուտով McDonald's կբացվի

Հայերն առաջին Բիգ Մակը կկարողանան համտեսել 2017 թվականին։ Այս մասին հայտնեց գործարար Թեմուր Չկոնիան։

Նրա խոսքով` այս պահին արդեն ընթանում են Երևանում McDonald's կառուցելու կազմակերպական աշխատանքները։ Շատ շուտով Հայաստանի բնակիչները հայտնի համբուրգեր ուտելու համար ստիպված չեն լինի հեռանալ երկրից։

«Մի քանի օր առաջ Երևանում էի, ծանոթացա քաղաքին ու ենթակառուցվածքներին։ Երևանում կարելի է 3-4 McDonald's բացել»,- ասաց Չկոնիան։

Վրացի գործարարի կարծիքով` Երևանը խիտ բնակեցված քաղաք է, սակայն դա խնդիր չէ McDonald's-ի համար։

«Շուտով կգան McDonald's ընկերության մասնագետները, և մենք կսկսենք շինարարությունը։ Այս պահին տեղն ենք ընտրում, դիզայնը մշակում և մի շարք այլ խնդիրներ ենք լուծում»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ժամանակ առ ժամանակ տարածվող այն լուրերին, թե Հայաստանում McDonald's չի բացվելու, Չկոնիան պատասխանեց. «Ասեկոսեներին ուշադրություն չեմ դարձնում»։

McDonald's բացելու որոշումն ընդունված է, և արդեն հայտնի է առաջին հաստատության բացման օրը։ Չկոնիայի խոսքով` մեկ ռեստորանի շինարարության համար մոտավորապես 6 ամիս է պետք։

Հայաստանում McDonald's բացելու հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) McDonald's-ի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

Հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան Թբիլիսիում բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում արդեն մի քանի ռեստորան է գործում։ Գործարարը նաև Վրաստանում բացված Coca-Cola-ի գործարանի հիմնադիրն է և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերը։