26-03-2016 12:20

Ադրբեջանի զինուժի կրակոցի հետեւանքով պայթյուն է առաջացել Բերքաբերի տներից մեկում

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում մարտի 25-ին ուշ երեկոյան հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով նյութական մեծ վնաս է հասցվել բնակիչներից մեկին: «Ադրբեջանցիների կրակոցի հետեւանքով պայթյուն է առաջացել բնակիչներից մեկի հյուրասենյակում: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասել է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը: Այս պահին ստուգվում է հասցված վնասի չափը: Նշենք, որ ըստ ՊՆ տարածած հաղորդագրության, վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 եւ 82 մմ-ոց ականանետեր եւ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաեւ բնակավայրերի եւ քաղաքացիական անձանց գնդակոծությունից:

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:

ՀՀ զինված ուժերը եւ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված եւ ադրբեջանական կողմի զսպման գործողությունների: